Չորս տարիների ընթացքում ճանապարհաշինության ոլորտին պետական բյուջեից հատկացումներն ավելացել են գրեթե 10 անգամ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հանդիպել են IRD Engineering (Իտալիա) ընկերության կողմից կազմակերպված «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի սաների հետ։
Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարները ներկայացրել են հանրապետությունում իրականացվող ճանապարհային ծրագրերը։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ողջունելով ամառային դպրոցի սաներին, ընդգծել է, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր համար հարազատ վայր է, որտեղ ինքն ուսանել է, 2007 թվականին կատարել աշխատանքային առաջին քայլերը որպես լաբորանտ։ Համալսարանը, ըստ պարոն Ավետիսյանի, ամուր հիմքեր է դրել իր հետագա գործունեության համար։
Անդրադառնալով Հայաստանում ընթացող ճանապարհաշինական ծրագրերին՝ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը ներկայացրել է պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը՝ հիմնանորոգում, միջին նորոգում, ինչպես նաև խոսեց ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների մասին։
Նա նշել է, որ եթե նախկինում ճանապարհների նորոգման համար ՀՀ պետական բյուջեից տարեկան հատկացվում էր ընդամենը 7-8 միլիարդ դրամ, ապա 2018 թվականից հատկացումները ոլորտին էապես ավելացան՝ 2022 թվականին հասնելով մոտ 68 միլիարդ դրամի։ Չորս տարիների ընթացքում ճանապարհաշինության ոլորտին պետական բյուջեից հատկացումներն ավելացել են գրեթե 10 անգամ։
Ավետիսյանը շեշտել է, որ ոլորտն ունի կարողությունների, մասնագետների խնդիր։ Աշխատանքների ծավալի ավելացմանը զուգընթաց աճել է նաև ռեսուրների ու ամենատարբեր որակավորում ունեցող մասնագետների պահանջը։ Այդ պահանջը բարելավելու նպատակով իրականացվում են տարբեր ծրագրեր միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան գործընկերների հետ համագործակցաբար։
Գոռ Ավետիսյանն ընդգծել է, որ ճանապարհաշինությունը բարձր վարձատրվող աշխատանք է, և կոչ արել երիտասարդներին լավագույնս օգտագործել ուսանողական տարիները, կուտակել գիտելիքներ ու հմտություններ՝ լավ մասնագետ դառնալու համար։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը ներկայացրել է Հայաստանում միջազգային վարկային և դրամաշնորհային միջոցներով կատարվող ճանապարհաշինական ծրագրերը։
Հյուրերը պատասխանել են նաև ամառային դպրոցի սաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ճանապարհային անվտանգության խնդիրներին, ճանապարհների ազդեցությանը տնտեսության զարգացման վրա։
Տեղեկացնենք, որ «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի ուսանողները երեք շաբաթների ընթացքում կունկնդրեն տեղի անվանի մասնագետների, արտասահմանյան փորձագետների դասախոսությունները, ձեռք կբերեն կիրառական գիտելիքներ, փորձառություն շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկական վերահսկողության, նախագծման կատարման ոլորտներում, պրակտիկ դասընթացներ կանցնեն նաև շինհրապարակներում։