Կառավարությունը հաստատեց Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունը
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ ռազմավարությունը նոր չէ, այն շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության, և շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդ ռազմավարությունից:
Նախարարն անդրադարձավ ռազմավարության մեջ ներկայացված խնդիրներին և նշեց, որ դրանցից առաջինը դատական համակարգի բարեփոխումն է, որտեղ նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթայի գործարկումը:
«Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է թե՛ օրենսդրական, թե՛ կադրային, թե՛ շենքային և աշխատանքային պայմաններով. մենք առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյանում»,- ասաց նա:
Մյուս կարևոր ուղղությունը դատարանների, դատական գործընթացների թվայնացումն է:
«Այստեղ մենք ուզում ենք հատուկ շեշտադրել մի կարևոր ուղղություն, որը կոչվում է էլեկտրոնային արդարադատություն, որը չի վերաբերում է միայն դատարաններին, այլ վերաբերում է նաև քրեական արդարադատության ամբողջ համակարգին, նախաքննության մարմինների թվայնացմանը: Այս ուղղությամբ դատախազության հետ աշխատանքներում մոտ ենք որ քննիչների և դատախազների հետ կապված ամբողջ գործընթացները թվայնացվեն, և վարույթները փոխանցվեն թվային եղանակներով»,- նշեց Կարեն Անդրեասյանը:
Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ անցկացվել է մրցույթ, կա հաղթող, և չզեկուցվող հարցով շուրջ 348 մլն տրամադրվում է քաղաքացիական դատավարության թվայնացմանը:
«Դա նշանակում է, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել, գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի: Օրենսդրական որոշակի լուծումներով կարող են դատական քննություններ անցկացվել օնլայն՝ առանց մարդու կամ փաստաբանների դատարան այցելելու»,- նշեց Անդրեասյանը:
Նա հայտնեց, որ ռազմավարությունում կարևոր ուղղություն հանդիսացող թվայնացման գործընթացը լինելու է ոչ միայն քաղաքացիական դատավարության, այլև վարչական դատավարության և քրեական դատավարության գործընթացներում:
Նախարարի խոսքով՝ մեկ այլ խնդիր է բարեվարքության ստուգումը:
«Ռազմավարությամբ առաջիկա ամիսներին մենք նախաձեռնելու ենք, որ բոլոր գործող դատավորների բարեվարքությունը ստուգվի: Սա կոռուպցիայի դեմ լրջագույն պայքարի միջոց կդառնա: Բարեվարքության ստուգում է նախատեսվում նաև դատախազների, քննիչների, քրեակատարողական համակարգի աշխատակիցների և մի շարք այլ ոլորտների համար»,- ասաց նա:
«Կարևոր ռազմավարական քայլ է ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, որը նույնպես օրենսդրական լուծումներով առաջիկա ամիսներին կներկայացնենք Կառավարությանը և այնուհետև՝ ԱԺ-ին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ռազմավարությունն անդրադառնում է նաև փաստաբանական ոլորտի բարեփոխումներին:
«Օրենսդրական նախագիծ է մշակված, և շատ լուրջ առաջընթաց է լինելու ոչ միայն փաստաբանության ներքին կառավարման համակարգում, այլև մեր շատ քաղաքացիներ, ովքեր սոցիալապես անապահով են, կունենան անվճար իրավաբանական օգնության հնարավորություն»,- ընդգծեց նա:
Նախարարը նշեց, որ ռազմավարությամբ հատուկ աշխատանքներ են նախատեսվում հարկադիր կատարման համակարգում, սնանկության հետ կապված գործընթացում, վեճերի այլընտրանքային լուծման համակարգի հետ կապված ևս կան հստակ մոտեցումներ, հաշտարարության, նոտարիատի ոլորտներում ևս բարեփոխումներ կլինեն: