ԵՄ-ն 7,7 մլն եվրո կհատկացնի Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի իրականացման համար

7 milion

     Եվրոպական հանձնաժողովը մտադիր է ֆինանսավորել Հայաստանի հետ ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման և մոնիտորինգի նախագիծը։ Մասնավորապես, նախատեսվում է Երևանին աջակցություն ցուցաբերել բարեփոխումների գործընթացում, գրում է RT-ն։

«Ծրագիրը կօգնի Հայաստանի կառավարությանը բարեփոխումների, ՀԸԳՀ-ի իրականացման և ռազմավարական հաղորդակցության գործընթացում»,- ասվում է փաստաթղթում։

Միաժամանակ լրացուցիչ աջակցություն կտրամադրվի Հայաստանի կառավարության գերատեսչություններին՝ ՀԸԳՀ-ի մոնիտորինգի հարցում:
Բացի այդ, ինչպես նշված է փաստաթղթում, ծրագիրը կնպաստի Հայաստանում ԵՄ պատվիրակության ծրագրային նախաձեռնություններին և հաղորդակցությանը:

Ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար։ Ֆինանսավորման չափը կկազմի 7,7 մլն եվրո։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը նախատեսել էր 2 միլիոն եվրո հատկացնել Բոսնիա և Հերցեգովինային՝ եվրոպական պատվիրակությանը տեղեկատվական և հաղորդակցական աջակցության համար։

Մեկ այլ տեղեկության համաձայն, ԵՀ-ն մտադիր է 1,5 մլն եվրո հատկացնել Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակին աջակցող նախագծի համար։ Նպատակն է երկրի հանրային պաշտպանի գրասենյակի շարունակական աջակցության միջոցով նպաստել Վրաստանում մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանը։

 

Ձեզ կհետաքրքրի...