Աշխատանք շոգին. արհմիությունները կոչ են անում ընդունել համաեվրոպական օրենք
Անոմալ շոգերի ֆոնին Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում ԵՄ բոլոր երկրների համար ընդունել օրենք, որը կկարգավորի աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճան ապահովելու գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ կոնֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում են «Կենսապահովման և աշխատանքի պայմանների բարելավման եվրոպական հիմնադրամ»-ի ուսումնասիրության տվյալները, ըստ որի՝ 40 տոկոս աշխատաժամանակի ընթացքում օդի բարձր ջերմաստիճանն իր ազդեցությունն է թողնում շինարարության և գյուղատնտեսության ոլորտում աշխատող մարդկանց վրա։
Այսօր ԵՄ միայն վեց երկիր ունի օրենք, որը կարգավորում է աշխատավայրում ջերմաստիճանի պայմանները: Հունգարիայում նստակյաց աշխատանքի պարագայում օդի ջերմաստիճանը պետք է լինի 31 աստիճանից, Բելգիայում՝ 29 աստիճանից ցածր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օպտիմալ աշխատանքային ջերմաստիճանը գնահատում է 16-ից 24 աստիճանի սահմաններում:
Աշխատավայրում դժբախտ պատահարների ռիսկն ավելանում է 7%-ով 30 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում և 15%-ով, եթե հասնի 38 աստիճանի։