Թուրքական ԶԼՄ-ներին զայրացրել է քուրդ զինյալի սպանության կապակցությամբ ԱՄՆ-ի ցավակցությունը
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ցավակցություն է հայտնել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կին փոխհրամանատար Ջիյան Էֆրինի (Սալվա Յուսուֆ) մահվան կապակցությամբ: Վերջինս սպանվել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացված հատուկ գործողության հետևանքով:
Ցավակցությունը հրապարակվել է CENTCOM Twitter-ի պաշտոնական էջում:
Ջիյան Էֆրինի հետ միասին սպանվել են ևս երկու քուրդ կին զինյալներ:
«SDF-ի փոխհրամանատար Ջիյան Էֆրինը, երկու զինյալների հետ միասին սպանվել է Սիրիայում՝ Ղամիշլիից ոչ հեռու: Սալվան SDF-ի կարևոր առաջնորդներից էր: Նա ղեկավարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողությունները 2017թ-ից ի վեր: CENTCOM-ը ցավակցում է նրա ընտանիքին, Սիրիայի հյուսիս-արևմուտքի բնակչությանը և SDF-ի մեր գործընկերներին»,-ասված է հայտարարության մեջ:
Վերոնշյալ ցավակցությունը խիստ զայրացրել է թուրքական ԶԼՄ-ներին, որոնք մեղադրել են ԱՄՆ-ին Սիրիայի քրդական ուժերին աջակցելու մեջ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կառույց:
Տեղեկացնենք, որ թուրքական մամուլում, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում շարունակում են հնչել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ծրագրեր: