Ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող հիմք ստեղծել խաղաղության համար․ Միրզոյան

AGN

  Հուլիսի 26-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ այս առումով կարևորելով նաև խորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակական ամրապնդումը։ Գոհունակությամբ արձանագրվել է վերջին շրջանում միջխորհրդարանական բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես ձևավորված հարուստ երկխոսությունը հետևողականորեն խորացնելու երկկողմ պատրաստակամության կարևոր ցուցիչ։ 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հետևողականորեն առաջ մղվող բարեփոխումների օրակարգը, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ 

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիության կապերի ամրապնդմանը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում  ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել  խաղաղության համար։

Անդրադարձ կատարելով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում համամարդկային ժառանգության մաս կազմող հայկական հուշարձանների պահպանման և վանդալիզմի շարունակվող դեպքերի կանխման անհրաժեշտությունը: Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կովնեցիաների դրույթները պետք է պահպանվեն։

Ձեզ կհետաքրքրի...