ՍՊԸ-ի ավագ մասնագետի տնից գողացել են չհրկիզվող պահարանը, մեջը՝ 14 հազար դոլար և 6 մլն դրամ
Հուլիսի 31-ին խոշոր գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել Լուռու մարզի բնակիչ 66-ամյա Վարդան Մ․-ն և հայտնել, որ իրենց տանից իրեն պատկանող չհրկիզվող պահարանը գողացել են, գրում է shamshyan.com-ը։
Վարդան Մ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է որ հուլիսի 30-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան կախովի փականը բացելու միջոցով մուտք են գործել իր տան բակում գտնվող ավտոտնակ և այնտեղից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը։ Վարդան Մ․-ն հայտնել է, որ սեյֆում եղել են իրեն պատկանող 14 հազար ԱՄՆ դոլար և 6 միլիոն դրամ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ըստ աղբյուրի՝ Վարդան Մ․-ն աշխատում է «Արմենիան Վոլնատ» ՍՊԸ-ում որպես ավագ մասնագետ։