«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման Զավահիրին սպանվել է Աֆղանստանում ԱՄՆ-ի հարձակման ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում «Ալ-Քաիդա» իսլամիստական խմբավորման առաջնորդ Այման Զավահիրիի սպանության մասին։ «Արդարությունը հաստատվել է, և ահաբեկչական այս առաջնորդն այլևս չկա: Մենք երբեք չենք նահանջում»,- ասել է Բայդենը հեռուստատեսային ուղերձում:
Նրա խոսքով՝ Զավահիրիի գտնվելու վայրն ԱՄՆ հետախուզական գործակալություններին հայտնի է դարձել այս տարվա սկզբին։ «Նա սպանությունների և բռնությունների հետք է թողել ամերիկացի քաղաքացիների, ամերիկացի զինվորականների, ամերիկացի դիվանագետների և ամերիկյան շահերի դեմ»,- հավելել է Բայդենը։ Սպիտակ տան խոսնակը հատուկ ճեպազրույցում ասել է, որ անցած կիրակի ճշգրիտ հարված է հասցվել մի տան վրա. որտեղ վերջերս թաքնվում էր Զավահիրին։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքից արձակվել է երկու Hellfire հրթիռ։ Հարվածի արդյունքում ոչ տանը գտնվող Զավահիրիի հարազատները, ոչ էլ շրջակայքում գտնվող խաղաղ բնակիչները չեն տուժել։