Ցեղասպանության հուշահամալիրի մոտ պարծեցող թուրքը իր տեսանյութը հրապարակել է Թուրքիա վերադառնալուց հետո միայն․ ԱԱԾ-ն՝ թուրք զբոսաշրջիկի գործով քննության մասին
Օրերս Ցեղասպանության հուշահամալիր այցելած ու «գորշ գայլերի» նշանով Հայոց ցեղասպանությունը ծաղրած թուրք զբոսաշրջիկի արարքը մեծ դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում։ Հուլիսի 20-ին համացանցում հայտնվեց թուրք բլոգերի տեսագրությունը, որտեղ երևում էր, թե ինչպես է նա Ծիծեռնակաբերդում ձեռքով «Գորշ գայլերի» նշանը ցույց տալիս ու թուրքերեն ասում, թե այստեղ ամեն ինչ թատրոն է։
Civic.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱԱԾ-ի հետ՝ ճշտելու, թե ինչ զարգացում է ստացել այդ դեպքի առթիվ քննությունը։
ԱԱԾ-ից պարզաբանեցին, որ ձեռնարկվել են միջոցառումներ՝ նրա անձը բացահայտելու ուղղությամբ և պարզել են, որ Ցեղասպանության հուշահամալիրի մոտ պարծեցող թուրքը իր տեսանյութը համարձակվել է հրապարակել Թուրքիա վերադառնալուց հետո միայն։ Ըստ ԱԱԾ լրատվական ծառայության, թուրք զբոսաշրջիկը Հայաստանում է եղել հուլիսի 16-17-ը, իսկ Ծիծեռնակաբերդում արած նկարահանման մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ վերջինս արդեն Հայաստանում չի գտնվել։
«Համապատասխան միջոցներ են գործադրվել, որ այդ անձի կողմից նմանատիպ վարքագիծ այլևս չկրկնվի»։ Թե կոնկրետ ի՞նչ միջոցների մասին է խոսքը, ԱԱԾ-ից չպարզաբանեցին։ Չի բացառվում, որ նրա մուտքը Հայաստան արգելվել է։
Թամարա Ղազարյան