Հետեւաբար, «ծայրահեղությունների» տրենդը պահելը Ռուսաստանի համար գրեթե ռազմավարական խնդիր է, քանի որ հակառակ պարագայում նրանից պահանջվելու է արդեն աշխատանքի արդիական գործիքակազմ

Badalyan
   Հայաստանի հանրային որոշակի շրջանակում ամրացված է մտայնություն կամ համոզում, իսկ որոշ իմաաստով անգամ «բնազդ»՝ ներողություն այդ բնորոշմանս համար, ըստ որի, եթե ամեն հարցում առաջին ու ամենակոշտ թիրախ չես դարձնում Մոսկվան, ուրեմն Մոսկվայի պաշտպանության դիրքում ես:
Դա բավականին հմուտ տեխնոլոգիայով ձեւավորված ընկալում է, որի թակարդում կամա, թե ակամա հայտնվել են հանրային տարբեր շերտեր, գործիչներ: Եվ այդ «թակարդից» դուրս գալը բավականին բարդ է:
Իսկ «թակարդի» գոյությամբ շահագրգռված է նաեւ Ռուսաստանն ինքը, եւ գուցե առաջին շահագրգռվածներից մեկն է: Որովհետեւ, Մոսկվային չի հետաքրքրում իր հասցեին հնչող քննադատությունը Հայաստանում, ինքն ունի դրա դեմ տարիներով մշակված եւ փորձված տեխնոլոգիաներ, որը ինքս բնորոշում եմ «երկու ծայրահեղությունների» մեխանիզմ՝ մեկի միջոցով ապահովում ես մյուսի գոյությունն ու այդպես մարգինալացնում «ոչ ծայրահեղ» ամեն ինչ:
Իսկ ամբողջ հարցն այն է, որ Մոսկվան մշտապես եւ ամենուր «կաղում» է «ոչ ծայրահեղ» իրավիճակներում: Դրանք Ռուսաստանի «աքիլլեսյան գարշապարն» են, այդտեղ է, որ Մոսկվան բացարձակապես մրցունակ չէ, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Հետեւաբար, «ծայրահեղությունների» տրենդը պահելը Ռուսաստանի համար գրեթե ռազմավարական խնդիր է, քանի որ հակառակ պարագայում նրանից պահանջվելու է արդեն աշխատանքի արդիական գործիքակազմ, որը՝ չունի:
Իսկ մենք առայժմ չունենք «ոչ ծայրահեղությունը» հասարակական-քաղաքական տրենդ դարձնելու ներուժ, բնականաբար թույլ էլ չեն տալիս, որ այն ձեւավորվի, ամրանա, բյուրեղանա, ինստիտուցիոնալանա: Ինչպես հաղթահարել այդ վիճակն ու ձեւավորել անհրաժեշտ «տրենդը»: Սա Հայաստանի համար ռազմավարական խնդիր է:

Ձեզ կհետաքրքրի...