48-ամյա որդին կասկածվում է 74-ամյա հորը սպանելու մեջ

Spanel e

 Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ​օգոստոսի 6-ին Երևանում տեղի ունեցած սպանության հատկանիշներով։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի փողոցի 2/Ա շենքի բնակարաններից մեկում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդանյանի, ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը վիճաբանություն է տեղի ունեցել նշված հասցեի բնակիչ՝ 48-ամյա Արման Ե-ի և 74-ամյա Վարդան Ե-ի միջև, որի ժամանակ Արման Ե-ն հրել է Վարդան Ե-ին, ով վայր ընկնելու հետևանքով գլուխը հարվածել է բազմոցին և տեղում մահացել։  Ոստիկանության Շենգավթի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության բաժանմունքների և ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով Հաղթանակ թաղամասում հայտնաբերել են Արման Ե-ին և սպանության կասկածանքով տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից է ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը մահացածի որդին է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...