Պուտինը փրկեց Էրդողանին ամենակարևոր պահին՝ Թուրքիայում նախագահական ընտրությունների նախաշեմին կայունացնելով թուրքական տնտեսությունը. Bloomberg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցություն է ցուցաբերել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի համար կրիտիկական պահին, գրում է Bloomberg-ը։
Պարբերականի տեսաբանների կարծիքով՝ Սոչիում կողմերի բանակցությունները կհանգեցնեն նրան, որ Անկարան կկարողանա մասամբ անցնել ռուսական գազի համար ռուբլով վճարելուն՝ դրանով իսկ կայունացնելով լիրայի փոխարժեքը և խուսափելով երկրի ներսում կտրուկ գնաճից։
Ինչպես նշվում է, նման քայլերը չափազանց կարևոր են Էրդողանի համար նախագահական նոր ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են հաջորդ տարի։ Bloomberg-ի տեսաբանները նշում են, որ Թուրքիայի նախագահի վարկանիշը մոտենում է ռեկորդային ցածր մակարդակին, իսկ տնտեսական իրավիճակը լրջորեն անհանգստացնում է ընտրողներին։
«Եվ դրանք (Պուտինի հետ բանակցությունները) տեղի ունեցան անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիայի ոսկու արժութային պահուստներն արդեն ավելացան՝ շնորհիվ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի ռուսական պետական կորպորացիայի կողմից դրամական միջոցների փոխանցման «Աքույու Նուքլեար» թուրքական դուստր ձեռնարկությանը՝ Միջերկրական ծովի ափին ատոմակայան կառուցելու համար»,- ասվում է տեքստում։
Միաժամանակ Bloomberg-ը նշում է, որ Էրդողանը քայլում է եզրին՝ զարգացնելով հարաբերությունները Մոսկվայի հետ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության շարունակման ֆոնին, ինչի պատճառով Արևմուտքը կոշտ պատժամիջոցներ է սահմանել։
Թուրքիան այս իրավիճակում չեզոք դիրք է գրավել՝ դատապարտելով ռազմական գործողությունները, սակայն սահմանափակող միջոցներ չկիրառելով Ռուսաստանի դեմ։ Պարբերականն ընդգծում է, որ Անկարան հույս ունի խորացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ՝ միաժամանակ չցանկանալով խզել հարաբերությունները ՆԱՏՕ-ի ավանդական դաշնակիցների հետ։