«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է Մամուլի ազատության 2022 թ. զեկույցը, որում Հայաստանը զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը՝ այսպիսով ունենալով լավագույն ցուցանիշը տարածաշրջանում: Հետխորհրդային տարածքում Հայաստանը զիջում է միայն Մոլդովային և Մերձբալթյան երկրներին:
«Չնայած բազմակարծիք միջավայրին՝ Հայաստանում ԶԼՄ-ները մնում են բևեռացված։ Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության հրահրման աննախադեպ մակարդակի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած տարածքային վեճի կապակցությամբ»,- նշված է զեկույցում:
Ըստ ինդեքսի՝ Հայաստանում չկան սպանված կամ ձերբակալված լրագրողներ և մեդիա աշխատողներ: 2021 թ. համեմատ՝ Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները՝ 63-րդ հորիզոնականից բարձրանալով 51-րդ հորիզոնական:
180 երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 149-րդը, Ադրբեջանը՝ 154-րդը, Ռուսաստանը՝ 155-րդը, Իրանը՝ 178-րդը: Նշվում է, որ Թուրքիայում թափ է հավաքում ավտորիտարիզմը՝ մարտահրավեր նետելով լրատվամիջոցների բազմակարծությանը։ Իսկ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած դրսևորում: Երկու երկրների իշխանություններն անխնա փորձում են լռեցնել իրենց քննադատներին:
Զեկույցի համաձայն՝ աշխարհում լրատվամիջոցների ազատության համաթվով առաջատարը Նորվեգիան է: Նրան հաջորդում են Դանիան, Շվեդիան և Էստոնիան: Լավագույն հնգյակը եզրափակում է Ֆինլանդիան: