ՀՀ-ն ունի դաշնակից ՌԴ-ի քայլերը քննելու իրավունք, որովհետև դաշնակից լինել, նշանակում է շահերի համադրում. Բաբաջանյան

Babajanyan

   Հայաստանն ունի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի քայլերը քննելու իրավունք, որովհետև դաշնակից լինել, նշանակում է շահերի համադրում, նշանակում է շահերի փոխադարձ հարգանք, նշանակում է փոխադարձ տեղեկատվություն այս կամ այն մտադրության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը:

«Վաղուց ի վեր, Ռուսաստանի վարքագիծը զարմանալի չէ։ Բայց այստեղ ուզում եմ գալ մեր քաղաքական միջավայրին և, այսպես կոչված, դաշնակից Ռուսաստանի գործողությունները գնահատելու մեր հավաքական քաղաքական կարողությանը, որովհետև հետայսու Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող ցանկացած ուժի առաջին և հիմնական անելիքը, եթե ոչ պարտականությունը, պետք է լինի «դաշնակից» Ռուսաստանի գործողություններին գնահատական հնչեցնելու ընդունակությունը։

Ահա և ձեզ լյուստրացիա։ Եթե հայաստանյան որևէ քաղաքական ուժ ի վիճակի է արդի Ռուսաստանի, Ռուսաստանի քաղաքական վերնախավի գործողություններին համարժեք գնահատական տալ, հարցադրումներ հնչեցնել, վարքագիծը քննել, այդ ուժն ի վիճակի է, իրավունք ունի հանդես գալ Հայաստանի շահի դիրքերից, Հայաստանի և հայ ժողովրդի անունից։
Հայկական քաղաքական և մասամբ հասարակական միջավայրը քաղաքական ու հոգեբանական կոռուպցիայի մեջ է։

Համատարած վախի մեջ ենք՝ ռուսներից, թուրքերից, ցանկացած մեկից, որ ուզում է մեզ հետ գործ ունենալ։
Մենք մեզ պատած վախերից չենք կարողանում առողջ հարցադրումներ հնչեցնել, որոնց հիմքում ես դնում եմ ոչ թե հայ-ռուսական հարաբերության բացառումը, մերժումը, խզումը, այլ դրա առողջացումը, դրա ստրկատիրական, վասալային կախվածությունը, կենդանական վախերով ու բնազդներով ամփոփված բնույթից անցումը քաղաքականի, իրապես գործընկերայինի: Դա այսօր հնարավոր չէ, բայց անհրաժեշտ է ապագայում։

Համոզված եմ, որ Ռուսաստանը շատ կցանկանար, որ Հայաստանում հարցադրումները հնչեն հենց բացառման, խզման շեշտադրումներով, որպեսզի ամեն ինչ ներկայացվի հակառուսականության ծիրում, եւ այդպիսով փակվեն բոլոր հարցերը:
Իսկ երբ Հայաստանում խնդիրները դրվում են քաղաքական ռացիոնալության եւ դաշնակցային իրավապայմանագրային պարտավորությունների կատարման համատեքստում, արդեն այստեղ է, որ ռուսական քաղաքական-քաղաքագիտական վերնախավը եւ նրանց հայաստանյան «դուստր ձեռնարկությունները» զրկվում են հարցադրումները նենգափոխելու հնարավորությունից եւ կանգնում պատասխանների անհրաժեշտության առաջ: Եվ դա է, որ ժամանակի ընթացքում բերելու է հայ-ռուսական հարաբերության որակական փոփոխության անհրաժեշտության:

Մենք ամենևին հաշտ չենք, բայց հաշտվել ենք այն իրողության հետ, որ Ռուսաստանը տարիներ ի վեր դեմ գնալով դաշնակից Հայաստանի առջև պարտավորություններին, սպառազինություն է վաճառել Ադրբեջանին՝ ոչ միայն անխուսափելի դարձնելով 44-օրյա պատերազմը, այլև ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո` մինչ օրս, կասկածներ է հարուցել, որ ինքն ուղղակի այդ պատերազմը հրահրողների շարքում առաջին երեքի մեջ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Եւ ոչ ացյալում՝ այն ժամանակ երբ նոր-նոր էր մեկնարկում ընդդեմ դաշնակից Հայաստանի շահերի և նրա առջև դաշնակցային պարտավորությունների, Մոսկայի և Բաքվի միջև ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հաստատումը, ոչ հիմա, երբ Ռուսաստանի գործողությունները Հայաստանի հանդեպ ոչ միայն դաշնակցային չեն, այլև երբեմն օկուպացիոն ու թշնամական, շիտակ հարցադրումներ չեն հնչում ոչ հայաստանյան իշխանության, ոչ ինստիտուցիոնալ ընդդիմության կողմից։

Ասածս վերաբերում է սառը, ռացիոնալ դատողությանը, որովհետև ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանը որքան սկզբունքային կգտնվի խուճապի չմատնվելու, հստակ հարցադրումները պահելու եւ դաշնակցային պարտավորություններն ու բարոյականությունը ռացիոնալ հիմքերով Ռուսաստանին հիշեցնելու, մատնացույց անելու հարցում:

Եթե ոչ այսօր, ապա վաղը, դրան հաջորդող ժամանակահատվածում, ռուս-ուկրաինական պատերազմի ցանկացած ելքից հետո, հայ-ռուսական հարաբերության վերնաշենքի արդիականացման համար պետք է ոչ միայն փոխել Հայաստանի քաղաքական միջավայրն ու դրա հիմքերը, այլեւ Ռուսաստանի հիմքերը Հայաստանում:

Որովհետեւ Ռուսաստանը Հայաստանում շատ վաղուց հարաբերության եւ վերաբերմունքի ներկայիս որակով հիմնվում է ոչ միայն Հայաստանի քոչարյանամերձ որակի կամ ավելի ճիշտ անորակության, այլեւ հասարակական մտածողության վրա»,-գրել է նա:

Ձեզ կհետաքրքրի...