Էստոնիան և Լատվիան դուրս եկան Չինաստանի հետ համագործակցության «17+1» ձևաչափից. Deutsche Welle
Էստոնիան և Լատվիան, որոնք Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամներ են, այլևս մտադիր չեն համագործակցել Չինաստանի հետ, այսպես կոչված, «17 գումարած 1» ձևաչափով։ Փոխարենը, երկու երկրները կձգտեն կառուցել «կառուցողական և պրագմատիկ հարաբերություններ» Պեկինի հետ երկկողմ հիմքի վրա և ԵՄ-Չինաստան կապերի զարգացման միջոցով : Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 11-ին, տեղեկացրել են Լատվիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները։ Լիտվան դուրս էր եկել 17+1 ձևաչափից 2021 թվականի մայիսին։ Գրում է Deutsche Welle-ը։ «Չինաստանի հետ համագործակցության «17 գումարած 1» ձևաչափն անպիտան դարձավ և տարաձայնություններ առաջացրեց Լիտվայի դուրս գալուց շատ առաջ: Այժմ Լատվիան և Էստոնիան են փակում դուռը»,- Թվիթերում գրել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։ Նրա կարծիքով, Պեկինի հետ համաեվրոպական համագործակցության ձեւաչափը պետք է փոխարինի նախկին հարթակին։ Այն «պետք է փոխարինվի ԵՄ 27+1-ով», — ասել է Լանդսբերգիսը: 2021 թվականի նոյեմբերի վերջին Պեկինը իջեցրեց Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը այն բանից հետո, երբ Վիլնյուսը բացեց Թայվանի պաշտոնական ներկայացուցչությունը, մինչդեռ աշխարհի շատ երկրներում գործում են Թայվանի մայրաքաղաք Թայբեյի ներկայացուցչությունները, ինչը օգնում է խուսափել Չինաստանի հետ հակամարտություններից։ Իսկ դեկտեմբերի սկզբին ամբողջական դադարեցին ՉԺՀ-ի և Լիտվայի միջև առևտրային հարաբերությունները։