Ապառազմականացման դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա ահաբեկչական հարձակումների համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումների հետ կապված։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, որը ոչ մի պատճառ չունի գնդակոծելու ատոմային օբյեկտը, ոչ էլ Էներգոդար քաղաքը:
«Ատոմակայանը քաղաքացիական օբյեկտ է։ Այդ պատճառով Ռուսաստանը պահպանում է այն, որպեսզի թույլ չտա, որ դրան վնաս հասցնեն»,- ընդգծել է դիվանագետը։
Մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ ատոմակայանը ապառազմականացնելու կոչը՝ Նեբենզյան նշել է, որ այդ դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա սադրանքների և ահաբեկչական հարձակումների համար: Նա Գուտերիշին խնդրել է հստակեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան իր հերթին ատոմակայանի վրա հարձակումների համար մեղադրել է Ռուսաստանին։ Նա պնդել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է Զապորոժիեի ատոմակայան ժամանի Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից ու գործի Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որը ևս մասնակցել է նիստին, հայտարարել է, որ գործալակությունն ակտիվացնում է շփումները Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ՝ Զապորոժիեի ԱԷԿ առաքելություն ուղարկելու համար։