«Սուրմալու» կենտրոնում պայթյունի գործով ՔԿ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ

Dataxazutyun

  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մասնավորապես այն հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով:

«Ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները, տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով։

Ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները։

Դեպքի վայրում ինտենսիվ կերպով շարունակվում են հրդեհաշիջման և փնտրողա-որոնողական աշխատանքները, որոնց ավարտից, ինչպես նաև անվտանգության համապասխան միջոցառումներից անմիջապես հետո տեղում կիրականացվեն անհրաժեշտ քննչական գործողություններ։

ՀՀ դատախազությունը, ինչպես նաև նախաքննական մարմինը պարբերաբար տեղեկատվություն կհաղորդեն իրականացվող քննության ընթացիկ վիճակի, արդյունքների վերաբերյալ»,- ասված է Աբրահամյանի գրառման մեջ:

 

Ձեզ կհետաքրքրի...