Ընտրում ենք այն, ինչը պետք է մեր բանակին. ՀՀ ԶՈւ ԳՇ պետը` նոր սպառազինության մասին
Ցանկացած բանակային խաղեր, որոնք կազմակերպվում են զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության, մարտավարության, կրակային պատրաստության հիմքի վրա, շատ կարևոր են ԶՈւ-երի կայացման, զինծառայողների հետագա պատրաստության համար։ Հայաստանում անցկացվող «Խաղաղության մարտիկ» բանակային խաղերի բացման արարողությանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։
Նրա խոսքով`ամեն տարի ռազմամարզական խաղերին մասնակցելու համար ԶՈւ-երից ընտրվում են նոր մարդիկ, բայց կան նաև պրոֆեսիոնալ մասնակիցներ, որոնք արդեն կայուն տեղ ունեն հայկական թիմերում։
«Դրանք ԶՈւ-ի մասնագետներ են, պրոֆեսիոնալներ, որոնց պետք է ներգրավենք, որպեսզի այդ մրցումներում հաղթողի դիրքերում միշտ մերոնք լինեն»,- ասաց Ասրյանը։
Բանակային խաղերի բացման արարողությունից ՀՀ ԶՈւ ԳՇ պետը տպավորություն հայտնեց, որ խաղերին մասնակցող բոլոր երկրների, այդ թվում ՌԴ-ի ԶՈւ-ի հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։
Նշենք, որ Դիլիջանում այսօր բացված «Խաղաղության մարտիկ» մրցույթը բանակային միջազգային խաղերի մի մասն է, որոնք անցկացվում են Հայաստանում։ Միջոցառման այս հատվածում ՀՀ ԶՈւ-նպաշտոնական մակարդակով ներկայացնում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետը։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Մոսկվայում մասնակցում է հիմնական բանակային խաղերի բացման արարողությանը։
Ի դեպ` ՌԴ-ում անցկացվող միջոցառումների շրջանակում նախատեսված է նաև ռազմական տեխնիկայի ցուցադրություն։
Անդրադառնալով ՌԴ-ում նախատեսված զինտեխնիկայի ցուցադրությանը` ԳՇ պետը հայտնեց, որ հայկական կողմը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում ներկայացվող բոլոր նմուշներին։
«Եվ այդ հետաքրքրության արդյունքում ընտրում ենք այն, ինչն անհրաժեշտ է մեր ԶՈւ-ին»,- ասաց նա։ Հայաստանում մեկնարկած «Խաղաղության մարտիկի» շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի զինված ուժերի թիմերը 10 օր ուժերը կչափեն տարբեր մրցաձևերում:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։