2015 թ. միջուկային գործարքին վերադառնալու միակ ուղին Իրանի կողմից «կողմնակի պահանջներից» հրաժարումն է. Նեդ Փրայս

Ned Price

   Թեհրանը երկուշաբթի պատասխանել է Եվրամիության վերջնական առաջարկին՝ կապված, այսպես կոչված, «միջուկային գործարքի» վերակենդանացման հետ՝ համաձայնագիր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, որը Իրանին թույլ կտա ազատվել պատժամիջոցների մի մասից։ ԱՄՆ-ն ասում է, որ ԵՄ առաջարկները կքննարկի Ժոզեպ Բորելի հետ, և որ Իրանը պետք է դադարեցնի առաջ քաշել լրացուցիչ պահանջներ։

Օգոստոսի 8-ին՝ մաքոքային դիվանագիտությունից 16 ամիս անց և Եվրամիության միջնորդությամբ Թեհրանի հետ ԱՄՆ-ի բանակցություններից հետո, ԵՄ-ն կողմերին՝ առաջին հերթին Իրանին առաջարկել է փոխզիջման վերջին տարբերակը և, ինչպես գրում է Reuters-ը, խնդրել պատասխանել այս երկուշաբթի՝ օգոստոսի 15-ին: 

Միացյալ Նահանգները չի հրապարակել իրանական ուղերձի մանրամասները, իսկ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ-ը միջուկային համաձայնագիրը փրկելու տարբերակների շուրջ իր պատկերացումներով կկիսվի անմիջաբար Իրանի և մասնավոր կերպով ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ:

Միևնույն ժամանակ, ինչպես Նեդ Փրայսն ընդգծել է մամուլի ասուլիսում, 2015 թվականի միջուկային գործարքին վերադառնալու միակ ուղին Իրանի կողմից «կողմնակի պահանջներից» հրաժարումն է։

Երեքշաբթի օրը ԵՄ-ն հայտարարել է, որ «ուսումնասիրում» է Իրանի պատասխանը առաջարկվող համաձայնագրի նախագծին: Ժոզեպ Բորելի ներկայացուցիչը, որը համակարգում է համաձայնագրի վերադարձի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները, հայտարարել է, որ Իրանի պատասխանը ստացվել է երկուշաբթի ուշ երեկոյան:

«Մենք ուսումնասիրում ենք այն և հետագա գործողությունների հարցով խորհրդակցում ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մյուս անդամների ու ԱՄՆ-ի հետ»,- ասել է ներկայացուցիչը։ 

Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է արագ վերականգնել 2015 թվականի պայմանագրի գործողությունը՝ հայտնի որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, ԵՄ առաջարկների հիման վրա, սակայն Թեհրանը պնդել է, որ ինքը պետք է լրացուցիչ նկատառումներ ներկայացնի ԵՄ առաջարկների կապակցությամբ:

Ձեզ կհետաքրքրի...