Ավետարանոցից տեղահանվածների համար Այգեստանում ավելի քան 250 տուն է կառուցվում
Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում Ավետարանոց գյուղից բռնատեղահանված ընտանիքների համար նոր բնակավայր է կառուցվում, որն ըստ նախագծի՝ բաղկացած է 254 առանձնատնից:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է շինարարական աշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊ ընկերության տեղամասի պետ Նաիրի Սարգսյանը:
«Նոր բնակավայրի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հոկտեմբեր ամսին: Ըստ նախագծի՝ կկառուցվի 254 առանձնատուն, որոնք կլինեն 2-ից 5 սենյականոց: Կան արդեն կառուցված տներ, որոնցում շուտով կմեկնարկի ներքին հարդարումը: Այս պահի դրությամբ՝ 29 առանձնատան կառուցման համար հողային մեծածավալ աշխատանք է իրականացվել»,-հավելել է նա՝ մանրամասնելով, որ Ավետարանոցից տեղահանվածների համար նախատեսված նոր բնակավայրը կունենա դպրոց, մանկապարտեզ, համայնքապետարան, բուժկետ, մեծ խաղահրապարակ և եկեղեցի:
Տեղամասի պետի հավաստմամբ՝ կառուցվող բնակավայրը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին: Նրա խոսքով՝ շինհարթակում համապատասխան մասնագետների կողմից որակյալ աշխատանք է իրականացվում: