ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ նշանակվելու առթիվ Ֆրանսիան շնորհավորել է Ֆիլիպ Ռիկերին. armtimes

EAHK

  ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիկերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ նշանակվելու առթիվ:

«Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ»,- գրված է ներկայացուցչության «Թվիթեր»-ի էջում։

Օգոստոսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ 

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռիքերը միաժամանակ կատարելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես է գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան էլ, օգոստոսի 25-ին մեկնաբանելով Բլինքենի նշանակումը, այդ քայլը որակել է իբրև «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»: 

«Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- ընդգծել է նա:

ԱՄՆ պետդեպարտամենտից օգոստոսի 26-ին պատասխանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հնչեցրած հայտարարությանը՝ նշելով. «Մենք հանձնառու ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ երկխոսության զարգացմանը տարբեր մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով փորձելու ենք հասնել երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»:

ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին ի պատասխան՝ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանն էլ նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, եւ այս մանդատը որեւէ մեկը չի չեղարկել»:

 

Armtimes.con

Ձեզ կհետաքրքրի...