Էրդողանը՝ Հունաստանին. «Որևէ երկրի ինքնաթիռները նշանառության տակ առնելը թշնակական դրսևորում է»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել 1922-ի օգոստոսի 30-ի Դոմլուփընարի ճակատամարտում հույների նկատմամբ թուրքական բանակի հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը: Հաղթանակի օրվա ելույթն էրդողանը սկսել է՝ շեշտելով, որ Դոմլուփընարի ճակատամարտի արդյունքում ոչնչացվել է հունական բանակն ու թուրքական կողմը վերջնական հաղթանակ տարել:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու պնդումներին:
«Ինչպես գիտեք Էգեյան շրջանի միջազգային օդային տարածքում ՆԱՏՕ-ի շրջանակներում պարտականություն կատարող մեր ինքնաթիռները նշանառության տակ են վերցվել Հունաստանի Կիպրոս կղզում տեղակայված ռուսական Ս-300 ՀՕՊ համակարգերի կողմից:
Որևէ երկրի ինթնաթիռը նշանառության տակ առնելը թշնամական վերաբերմունք է: Մանավանդ այն դեպքում, երբ այդ ինքնաթիռները ՆԱՏՕ-ի հանձնարարություն են կատարում, այդ թշնամությունը կատարվում է ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ իր բոլոր անդամ երկրներով հանդերձ: Հունաստանը մեր սահմանների խախտումներով ու ինքնաթիռների հետապնդումներով սկսած թշնամական դիրքորոշումը Ս-300-ի նշանառության տակ առնելու մակարդակի հասցնելով, իրականում որ թե մեզ, այլ ՆԱՏՕ-ին ու դրա անդամներին է մարտահրավեր նետում, եթե իհարկե այդքան ուժ ու կարողություն ունի»,- ասել է Էրդողանը:
Նշենք նաև, որ հունական կողմը հերքել է թուրքական ինքնաթիռները նշանառության տակ վերցնելու կամ հետապնդելու մասին թուրքական մամուլում տարածված տեղեկությունները: Ավելին, հունական կողմը պարբերաբար հայտարարություն տարածում թուրքական օդուժի կողմից իրենց օդային սահմանի խախտումների վերաբերյալ: