Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցման ծրագիրը. քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել

Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ:
Ծրագրի ընթացքին աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մինչ հանգստի գոտու ստեղծումը՝ Երևանյան լիճը նախ մաքրվեց շուրջ 50 տարվա աղբից: Աննախադեպ այս նախագծի առաջին փուլով տարածքից տեղափոխվեց շուրջ 650 մեքենա աղբ, մաքրվեց 8 հա տարածք:
«Բավականին երկար ժամանակ աղտոտված էր Երևանյան լիճը: Ճիշտ է՝ խնդիրն ամբողջովին չենք լուծել, բայց 2022թ. ծավալուն աշխատանք իրականացվեց, և 8 հա-ից ավելի եղեգ այստեղից հանվեց: Գալիք տարի ևս նախատեսում ենք եղեգները չորացնել և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ: Կարծում եմ, եթե այս տեմպերով շարժվենք և յուրաքանչյուր տարի բյուջեով միջոցներ նախատեսենք, մի քանի տարի հետո կունենանք շատ լավ միջավայր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետը:
«Երևանը վերջերս դարձել է բավականին փոշոտ, և Երևանյան լիճը բնակլիմայական շատ մեծ խնդիր է լուծելու: Հետզհետե նկատելու ենք, որ լիճը դարձել է մաքուր, ինչը միկրոկլիմայի մեծ խնդիր է լուծելու»,- նկատում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Բարեկարգ հանգստի գոտու կվերածվի լճի ափամերձ տարածքի 2.8 հա-ը, որից 2.1 հա-ը կլինի կանաչ գոտի, կանցկացվի 1100 գծամետր ոռոգման ցանց:
«2023թ. նախատեսվում է նաև հաջորդ ափում շինարարական աշխատանքներ իրականացնել: Մենք այստեղ կունենանք նաև փոքր կամուրջ, որպեսզի ափերի միջև կապ ապահովենք: Աշխատանքները շարունակական են: Հատուկ ուշադրություն ենք դարձնում բնապահպանությանը, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Երևանում ունենք կանաչապատման խնդիր, և քայլ առ քայլ գնում ենք առաջ»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:
«Հանձնարարական ստացանք լճի հարակից ժայռապատ հատվածների համար կանաչապատման նախագիծ մշակել և տեղանքային ճարտարապետության տարրեր կիրառել: Մինչ այդ, աշնանը սանիտարական էտ կիրականացնենք: Կարծում եմ՝ այստեղից մի քանի հարյուր մեքենա աղբ և չորացած ծառեր ու ճյուղեր կտեղափոխենք: Բույսային և տեղանքային լուծումներ են լինելու, որը գարնանը կստանանք»,- ասում է Արմեն Բեգոյանը:
Ծրագրով նախատեսված է տեղադրվել նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, շուրջ 500 մ երկարությամբ հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով սնվող էներգախնայող լուսատուներով:
Մայրաքաղաքի կլիմայական չոր պայմանները մեղմելուց բացի, Երևանյան լիճը լուծում է նաև ոռոգման ջուր կուտակելու խնդիր: 2023թ. համայնքը միջոցներ կձեռնարկի նաև այս ուղղությամբ:
«Մենք Երևանյան լճից նաև սահմանակից համայնքներին ոռոգման ջուր ենք մատակարարում, և դա է պատճառը, որ 2023թ. բյուջեով նախատեսել ենք Գետառ և Հրազդան գետերի միացման հատվածում մաքրման կայան ունենալ, որպեսզի գետը մաքրվի և նոր լցվի Երևանյան լիճ: Աշխատանքները ծավալուն են, և առաջին քայլերն արդեն արել ենք»,- ընդգծում է քաղաքապետը:
Մայրաքաղաքի համար բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող ծրագրերից է նաև Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի անտառային գոտու վերականգնումը: Դեռևս 2019թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ սկսվեցին: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային հատվածը կարգի բերելու գործընթաց ներգրավվեց շուրջ 160 աշխատակից: Տարածքից տեղափոխվեց ավելի քան 400 բեռնատար աղբ:
Աշխատանքային շրջայցի ընթացքում ծրագրի արդյունքերին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Պատասխանատուները նշել են, որ գարնանային ծառատունկի ժամանակ 2 հա-ում տնկվել է շուրջ 620 ծառ և թուփ:
Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել ոռոգման խնդիրը:
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում կանաչապատման ծավալուն ծրագիր կիրականացվի նաև աշնանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշել է, որ 6 հա-ում կհիմնվեն անտառտնկարկներ: Ոռոգելի կդառնա նաև ձախակողմյան հատվածի 1.2 հա-ը: Կկառուցվի ոռոգման նոր համակարգ:
Մի քանի ուղղություններով իրականացվող կարևոր այս ծրագրերի ավարտից հետո, բնապահպանական նշանակությունից բացի, Երևանյան լիճն ու Ծիծեռնակաբերդի հարակից անտառապուրակը քաղաքի բնակիչների ու հյուրերի հանգստի սիրված գոտիներ կդառնան:

Ձեզ կհետաքրքրի...