Ստացել ենք Հայաստանի դիմումը՝ աջակցելու իրավիճակի կարգավորմանը երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ:
«Ծայրահեղ մտահոգված ենք սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ ռուսական կողմը սերտ շփման մեջ է Բաքվի և Երևանի հետ:
«Ստացել ենք Հայաստանի ղեկավարության դիմումը՝ աջակցելու իրավիճակի կարգավորմանը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված և սեպտեմբերի 13-ին Մոսկվայի ժամանակով 9:00-ից ուժի մեջ մտնող հրադադարի մասին պայմանավորվածությունը կպահպանվի ամբողջ ծավալով»,- նշել են գերատեսչությունից:
ՌԴ ԱԳՆ-ն կրկին շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճահարույց խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերը՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։