Երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է մնան անխաթար. Իրանի ԱԳ նախարարը՝ Բայրամովին
Իրանական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հեռախոսազրույցի ընթացքում իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանի համար չափազանց անհանգստացնող է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին, եւ շեշտել, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության։
Նախարար Աբդոլլահյանը նաեւ ասել է, որ չափազանց կարեւոր է, որպեսզի տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները մնան անխաթար։ Միաժամանակ նաեւ, իրանցի թիվ մեկ դիվանագետը նշել է, որ Թեհրանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության խաղաղ կարգավորման օգտին եւ պատրաստ է աջակցել այդ հարցում կողմերին։