Հարձակումը եղել է 6 ուղղությամբ. ԳՇ պետ
Հարձակումը եղել է 6 ուղղությամբ. այս մասին Ջերմուկում հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Էդվարդ Ասրյանը նշել է, որ Հայաստանի տարածք՝ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ կես կմ: Մյուս հատվածներում հակառակորդը հետ է շպրտվել:
Ամենամեծ տարածքային կորուստը եղել է Ջերմուկի ուղղությամբ:
Նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունը եղել է 11, հիմա դարձել 4,5 կմ:
«Ջերմուկից այդ հեռավորության վրա հակառակորդի միայն մեկ՝ 10-12 զինծառայողից կազմված խումբ է տեղակայված»,- նշել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Նրա խոսքով՝ միայն մեկ խումբ, որը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է այդ բլրի գագաթին:
«Կենսունակության տեսանկյունից, եթե այդ հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն՝ մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա:
Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից առավել մեծ խորությունների վրա են:
Հյուսիսային հատվածում այսօր տեսախցիկներով դիտարկել ենք, որ հակառակորդի մոտ 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի սահման: Մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը, շրջանները, և ադրբեջանական ԶՈՒ-ն մխրճման գագաթից մեր ուղղությամբ ոչ մի քայլ չեն կարող շարժվել:
Մեր ուժերը բավական են, և այս ուղղությամբ մենք հակառակորդին համապատասխան կորուստներ հասցնելով հետ կշպրտենք, եթե նորից փորձեն իրենց հարձակողական գործողությունները սկսել»,- ասաց Ասրյանը: