Այդ հույսն այլևս չկա. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Huys chka

  Երևանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում»,- ասել է Գրիգորյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե ղազախական դեպքերի ժամանակ Գրիգորյանը հույս է հայտնել, որ վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, ԱԽ քարտուղարը հաստատել է, որ այդպիսի հույս եղել է:

«Բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ»,- ասել է Գրիգորյանը:

Հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, քանի որ հնչում է նաև այդ դաշինքը լքելու կոչ, Գրիգորյանը պատասխանել է հետևյալը. «Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը»:

ԱԽ քարտուղարն ընդգծել է՝ Հայաստանի պահանջը մեր երկրի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումն է:

Ձեզ կհետաքրքրի...