Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը

  Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը, տարբեր ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը ժողովրդավարության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումների հարուստ օրակարգի առաջմղման գործում:
Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է ակտիվորեն նպաստել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերին:

Ձեզ կհետաքրքրի...