Մեղրեցիները ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին. Արմեն Խաչատրյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է տարածված այն խոսակցություններին, թե Մեղրիի Շվանիձոր բնակավայրի սահմանային գոտում գտնվող այգիները, հողամասերն օտարվում են և գնվում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից:
Խաչատրյանը շեշտել է, որ մեղրեցիները ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին:
«Սիրելի՜ հայրենակիցներ,
Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի սահմանային գոտում գտնվող այգիները, հողամասերն օտարվում են և գնվում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից։
Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որևէ հողամաս Շվանիձոր, Նռնաձոր հատվածում չի օտարվել, ՌԴ սահմանապահները որևէ տարածք չեն գնել և չեն էլ կարող գնել։
Պարզվել է, որ խոսակցությունների համար առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Շվանիձոր համայնքին պատկանող այգեգործական մի շարք հողամասեր գտնվում են սահմանային գոտում, իսկ սահմանային գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ է սահմանապահ ծառայությունից ստանալ անցագրեր։
Մեղրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է այդ գործընթացը, այգիների, հողամասերի սեփականատերերի, այգեգործների անձնագրերի և այլ փաստաթղթերի պատճենները վերցվել, համապատասխան ստուգումներ կատարելուց հետո ներկայացվել են ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ նոր անցագրեր ստանալու համար։ Անցագրերը տրվում են մեկ տարի ժամկետով, և այս գործընթացն ամեն տարի կրկնվում է։
Փաստորեն ամեն տարի կրկնվող նոր անցագրերի ստացման գործընթացը տեղիք է տվել տարաբնույթ խոսակցությունների և տեղեկությունների տարածմանը։
Հ.Գ. Մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին. սա ապացուցված է տասնամյակների պատմությամբ։ Բացի դրանից՝ նման գործընթացները գտնվում են պետության խիստ հսկողության ներքո»,- գրել է նա։