Մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ. Տիգրան Ավինյան

Avinyan

  Երևանի ավագանու նիստում ունեցած ելույթում Տիգրան Ավինյանը մեկնաբանեց, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնից հետո ինչու է համաձայնվել զբաղեցնել Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։

Նրա խոսքով, յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է՝ նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար. «Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերները, թե արդյո՞ք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ։ Եվ ես վստահաբար և անկեղծորեն ուզում եմ ասել, որ, անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել մեր քաղաքին և երևանցիներին, և ես շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար։ Շնորհակալ եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ Ձեզ, հարգելի ավագանու անդամներ»։

Ավինյանը խոսեց Երևանի մասին, ասաց թե Երևանն առաջին հերթին մարդիկ են. «Երևանի մասին խոսելիս՝ պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են քաղաքն ու իր կոլորիտը իրենց քանդակներում, երգերում ու ֆիլմերում։ Երևանը Թամանյան է իր ճարտարապետությամբ, Հախվերդյանի և Ֆորշի երգե՛րն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, ու քաղաքը ինքնաբերաբար սկսում է նմանվել իրենց երգերին։ Երևանը Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմն է, Քոչարի, Արա Հարությունյանի, Նորիկ Կարգանյանի քանդակներն են։ Երևանը Չարենցն ու Բակունցն են, որոնք շրջել են քաղաքով և իրենց հերթն արդեն զիջել երիտասարդներին։ Եւ Երևանը միայն անցյալը չէ, այն նաև ներկան ու ապագան է։ Երևանն այսօրվա ճարտարապետներն ու քանդակագործներն են, նկարիչներն ու երաժիշտները, դերասաններն ու ռեժիսորները, բոլոր նրանք, ովքեր ապրում են Երևանում և ապրեցնում քաղաքը։

Երևանն այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքի համար։ Առավոտյան, երբ դեռ շատերս քնած ենք, փողոցները կարգի են բերում քաղաքապետարանի մաքրությունն ապահովող աշխատակիցները։ Երևան են կանաչապատումն ու բարեկարգումն ապահովող մասնագետները, ոստիկանները, հրշեջներն ու փրկարարները, շտապօգնության վարորդներն ու բժիշկները, դաստիարակներն ու մանկավարժները, բոլոր նրանք, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով ապահովում են մեր քաղաքի բնականոն ընթացքը։

Երևանը մարդիկ են, ովքեր ապրում և հոգում են իրենց ընտանիքների կարիքները մեր քաղաքում, որտեղ, սակայն, բախվում են տարատեսակ խնդիրների. ոմանք անվասայլակով կամ մանկասայլակով դժվարությամբ են տեղաշարժվում չհարմարեցված մայթերով, շատերն աշխատանքից կամ դասից ուշանում են՝ արդարացի կերպով դժգոհելով կանգառում ավտոբուսին երկար սպասելու և երթուղայինի ժամանակացույցը չունենալու համար: Երևանը՝ խաղահրապարակ չունենալու պատճառով գարաժների դռները դարպաս սարքած երեխաներն ու այն բազմաթիվ ընտանիքներն են, որոնք գիշերվա հազարին հրավառությունից արթնացած երեխաներին են հանգստացնում»։

Ձեզ կհետաքրքրի...