Հայ և քուրդ ժողովուրդներին կոչ եմ անում՝ սադրանքների չտրվեն, որ բարեկամությունն ու ջերմ հարաբերությունները չխաթարվեն. պատգամավոր Կնյազ Հասանովը՝ քրդերի արտահանձնման կեղծ լուրի մասին

Knyaz Hasanov

  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը civic.am-ի հետ զրույցում անդրադարձել է ազգությամբ  քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու թեմային և դրա շուրջ որոշ շահագրգիռ շրջանակների կողմից շահարկումներին։  (Ըստ «Դատալեքս»-ի՝ Հուսեյին Յըլդրըմին և Աթիլլա Չիչեքին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, չունենալով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու իրավունք, ինչպես նաև զենքի և ռազմամթերքի շրջանառությունը իրականացնելու թույլտվություն, ապօրինի կերպով կրելով և փոխադրելով հրազեն հանդիսացող 2 հատ ինքնաձիգ, 1 հատ ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 318 հատ փամփուշտ և 4 հատ նռնակ՝ 2021 թվականի օգոստոսի 16-ին անցել են Արաքս գետն ու ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, միաժամանակ իրենց հետ մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել հիշյալ հրազեններն ու ռազմամթերքը):  

— Պարոն  Հասանով, տեղեկություն ունե՞ք, թե ինչպես է տեղի ունեցել արտահանձնումը, թե՞, դատելով ԱԱԾ-ի և արդարադատության նախարարության պարզաբանումներից, որոնք հերքում են իրենց առնչությունը արտահանձնմանը, կարելի է ենթադրել, որ գործընթացը իրականացվել է «երրորդ կողմի» կողմից։   
— Ես գուշակ չեմ, ես  ԱԺ պատգամավոր եմ, քրդական համայնքի ներկայացուցիչ, ենթադրություններ անելը ճիշտ չէ ո՛չ դիվանագիտական հարաբերություններում, ո՛չ դատական պրոցեսների հետ կապված և ըստ այդ գուշակությունների՝ հայտարարություններ անել։ Պետք է փաստերի վրա հիմնվելով եզրակացություններ անել։  Շեշտեմ, որ թուրքական իշխանությունները չեն ասում, որ որևէ մեկը մեզ հանձնել է, չեն ասում, թե ով է հանձնել՝ Հայաստա՞նը, Ռուսաստա՞նը, թե՞ որևէ այլ կողմ։ Ասում են՝ մեր հետախուզության  ջանքերի շնորհիվ սահմանի վրա գերին ենք վերցրել այս երկու քուրդ ազատամարտիկներին, որոնք մեր թշնամիներն են և այլն, և այլն։ Սա՝ մեկ։ Ես այս քանի օրը ձայն չէի հանում, որ ճշմարտությունը պարզեի՝ արդյոք ՀՀ իշխանությանն ուղղված քննադատությունը կամ մեղադրանքները ճի՞շտ են, թե՞ ոչ, որպեսզի ըստ այդմ էլ հանդես գայի հայտարարությամբ։ ԱԱԾ-ն և արդարադատության նախարարությունը արդեն իսկ հանդես են եկել պարզաբանմամբ և հերքել իրենց առնչությունն արտահանձնմանը։ Խնդրում եմ նայել իրենց պարզաբանումներն ու առաջնորդվել դրանցով։ Այս իշխանության երկու կարևոր ճյուղերը, փաստորեն, առնչություն չունեն, չեմ էլ կարող ասել, թե որևէ այլ կողմ՝ Ռուսաստանը կամ մեկ ուրիշը  կապ ունի, ես փաստեր չունեմ նման պնդման համար։ Ես  հայ և քուրդ ժողվուրդներին  կոչ եմ անում, որ երկար տարիներ շարունակվող բարեկամությունն ու այսօր շարունակվող այս ջերմ հարաբերությունները չխաթարվեն, սադրանքներ չլինեն։ Ուղղակի խնդրում եմ։ Եթե ՀՀ իշխանությունները ընդունեին, եթե թուրքական իշխանություններն ընդունեին, որ ՀՀ-ն է փոխանցել երկու քրդերին, ապա ես էլ և ողջ քուրդ ժողովուրդը իր քննադատական խոսքը կասեր։ Բայց, ինչպես ասացի, նման փաստ չկա։ 
— Պարոն Հասանով, Ձեր ընդդիմադիր գործընկեր Գեղամ Մանուկյանը, առանց ձեր անունը նշելու,  Ձեզ մեղադրել է «թշնամական օկուպացիոն ուժի» ներկայացուցիչ լինելու մեջ և նշել, որ քրդական համայնքից խնդրի վերաբերյալ տեղեկություն ստանալ չի կարողացել։ Ի՞նչ կասեք այս մասին։ 
— Ես արդեն ասացի, որ սպասում էի որոշ հանգամանքներ, դրվագներ ճշտելուն, պարզելուն և փաստերի հիման վրա ճշմարտությունը ներկայացնելուն։ Գեղամ Մանուկյանը ընդդիմադիր գործիչ է, կարող է քննադատել իշխանություններին, այդ թվում և ինձ, ես ոչ մի բան չունեմ ասելու նրան, դա իր գործն է։ Բայց փիլիսոփայական կատեգորիա կա՝ ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ։  Եթե չափի մեջ ես ասում, ճշմարտություն կա դրանում, ապա խնդիր չէ, բայց ես չեմ ուզում անդրադառնալ այն հարցին, թե ինչու է ինձ ու իշխանությանը քննադատում, դա իրենց գործն է՝ քննադատելը։ Ես կարդացել եմ նրա հոդվածը, ուրիշ մարդկանց գրածները նույնպես ու արդեն  ասացի այն, ինչ մտածում եմ։ Ավելին ասելու կարիք չեմ տեսնում։  
— Պարոն Հասանով, պարզապես երբ նման մեղադրանքներ է հնչեցնում բարձրաստիճան պաշտոնյան՝ պատգամավորը, այն էլ՝ առանց փաստերի, խնդիրը դուրս է գալիս այլ հարթություն։ Նրա հոդվածում  այսպիսի տող կա. «Ներեք մեզ եղբայրներ, որ ձեր զավակներին թուրքերի ձեռքը տվեցին հայերը, որտեղ նրանց կտտանքների են ենթարկելու»։  Չե՞ք կարծում, որ այսպիսի ուղերձներով  ազգային թշնամանք է սերմանվում երկու եղբայր ժողովուրդների միջև։ 
— Ես ընդունում եմ ձեր բոլոր ասածները, ես քուրդ եմ ազգությամբ, իմ ազգի ներկայացուցիչների նկատմամբ որևէ ոտնձգություն ես չեմ կարող հանդուրժել։ Ես ՀՀ քաղաքացի եմ, իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ հայ ժողովրդի մեջ, հայ ժողովրդի գուրգուրանքն ու դաստիարակությունն եմ  ստացել, ես ոչ մի դեպքում չեմ ուզում, որ երկու եղբայր ժողովուրդների հարաբերությունների  մեջ խաթարում լինի։ Սա իրոք շատ նուրբ, զգայուն թեմա է, այս թեման չպետք է այսպես արծարծվի։ Դու կարող ես ունենալ  վատ վերաբերմունք ՀՀ իշխանությունների հանդեպ, բայց դու պետք է հաշվի առնես նաև հարցի արծարծման ձևը.  չէ՞ որ դու հայ մարդ ես։ Այս երևույթների նկատմամբ, թեմաների վերաբերյալ  պետք է շատ զգուշավոր լինել, իզուր տեղը կրքեր չբորբոքել։ Դա վտանգավոր է։ Կրկին դիմում եմ իմ հայ և քուրդ եղբայրներին՝ մենք ունենք ընդհանուր թշնամի։ Եթե անգամ մեր երկուսի հարաբերություններում ինչ-որ թերացումներ, չպարզաբանված հարցեր  լինեն, պետք է  դրանք իմաստավորել, միմյանց նկատմամբ ներողամիտ լինել, որովհետև մենք ունենք նույն ճակատագիրը և ընդհանուր ցավը։   

Հեղինե Մանուկյան

Ձեզ կհետաքրքրի...