ԱՄՆ սենատորներն առաջարկել են զենք մատակարարել ժողովրդավարական դաշնակիցներին՝ չկրճատելով սեփական ռազմական պաշարները
ԱՄՆ սենատորներ, զինված ուժերի հարցերով կոմիտեի անդամներ՝ դեմոկրատ Ջին Շահինը և հանրապետական Թոմ Թիլիսը ներկայացրել են օրինագիծ, որը Միացյալ Նահանգներին թույլ կտա ռազմական օգնություն տրամադրել դաշնակիցներին՝ առանց սեփական պաշարները կրճատելու:
Օրենսդիրների հայտարարության համաձայն, որը տարածել է Շահինը, օրինագծով նախատեսվում է ստեղծել կարևորագույն զինամթերքի ձեռք բերման հիմնադրամ (CMAF), որը պաշտպանության նախարարին թույլ կտա «ավելի լավ կառավարել արդյունաբերության ոլորտը և աջակցել ռազմամթերքի հատուկ տեսակներին, որոնք վճռորոշ նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար»:
«Կարևոր է ապահովել, որ ԱՄՆ-ը կարողանա արդյունավետորեն աջակցել մեր ժողովրդավարական դաշնակիցներին՝ միաժամանակ պահպանելով սեփական ռազմական պաշարները ճգնաժամային պայմաններում»,- նշել է Շահինը:
«Մեր երկկուսակցական օրինագիծը կարևոր նշանակություն ունի հետագա պոտենցիալ հակամարտություններում մեր դաշնակիցներին արագ զինելու Ամերիկայի կարողությունների մեծացման համար՝ չօգտագործելով սպառազինության մեր սեփական պաշարները, ինչը մեծապես կբարձրացնի մեր ազգային անվտանգությունը և ռազմական պատրաստվածությունը»,- իր հերթին հայտարարել է Թիլիսը:
Բացի Շահինից և Թիլիսից, օրինագիծը ստորագրել են ութ սենատորներ երկու կուսակցություններից: