Դավիթ Բաբայանը մասնակցել է Մարտունու և Գլենդեյլի միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։
Նախարար Բաբայանը երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի բնակչությանը և քաղաքային իշխանություններին Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և ընդգծել, որ դա բարձր է գնահատվում արցախցիների կողմից։
Նույն օրը նախարար Բաբայանը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Դավիթ Բաբայանը կարևորել է Մարտունու և Գլենդեյլի միջև համագործակցությունը՝ սոցիալ-տնտեսական, մարդասիրական և բարոյական տեսանկյուններից։
Նախարարը հավելել է, որ Գլենդեյլի հետ փոխգործակցությունը, միանշանակ, դրական ազդեցություն կունենա շրջկենտրոն Մարտունու զարգացման գործում։
Հանդիպմանն ու հռչակագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։