Պահանջում են, որ Հայաստանը օգնի, բայց ցույցին ՀՀ դրոշը չեն բարձրացնում. քաղաքագետը՝ արցախյան հանրահավաքի մասին

Qaxaqaget

   Երեկ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին, ըստ Արցախի պաշտոնական աղբյուրների, մասնակցել է շուրջ 40 հազար մարդ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը, անդրադառնալով անցկացված հանրահավաքին, նշում է՝ մեսիջների մասին ոչինչ չի կարող ասել, քանի որ, իր կարծիքով, հենց արցախցիներն իրենց հանրահավաքից ոչինչ չեն հասկացել:

 Նրա խոսքով՝ հանրահավաքի ընթացքում կոնկրետ առաջարկներ այդպես էլ չեն հնչել, ինչպես նաև ելույթներ, որտեղ կառաջարկվեին Արցախի փրկության համար ճանապարհներ:

«Հետևապես տպավորություն էր, թե ցույցն ինքնանպատակ էր՝ քաղաքական իմաստով, բարոյական իմաստով նորմալ էր. թող արցախցին իր կամքը ցույց տա: Եթե Արցախում ցույց կազմակերպողների նպատակն Արցախի հարցի լուծումն է, ապա պարտավոր էին հնչեցնել թեզեր, որոնք կպնդացնեին Հայաստանի Հանրապետության վարչապետի թիկունքը Սոչիի այցից առաջ: Բայց հակառակը եղավ: Ելույթները հուզական էին, չկային լուծումներ, այլ պետության՝ ՌԴ-ի դրոշն էր ծածանվում հանրահավաքի ընթացքում, ինչը չի նպաստում Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ամրապնդմանը, Արցախի հարցի լուծմանը նույնպես չի նպաստում»,- կարծում է Սուքիասյանը:

Քաղաքագետի խոսքով՝ արցախահայերը շատ են խոսում, թե Հայաստանը պետք է իրենց օգնի, սակայն հանրահավաքներին Հայաստանի դրոշը չեն բարձրացնում:

«Բարձրացնում են Արցախում «սպանդ» կազմակերպած երկրի դրոշը, փոխանակ ՀՀ-ի դրոշը բարձրացնեն: Չեմ հասկանում, թե ինչ է նրանց ուզածը: Հայաստանի իշխանություններին մեղադրում են հստակ դիրքորոշում չունենալու համար, սակայն իրենք բանակցություններ են վարում տարբեր պետությունների հետ. ՀՀ իշխանություններն այս պահին կոնկրետ դիրքորոշում չեն կարող ասել, քանի որ այն չկա: Արցախցիներն իրենց հարցերը պետք է ուղղեն ՌԴ-ին: Օրինակ՝ ինչո՞ւ է անվտանգության երաշխավորի հովանու տակ Արցախը մաս-մաս բզկտվում, այդպե՞ս են անվտանգությունը երաշխավորում: Արդյունք չի տալիս Ռուսաստանի անվտանգության երաշխավորումը, ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում: Մեկ անգամ թող արժանապատվություն ունենան ու Ռուսաստանից մի բան պահանջեն: Ի՞նչ են պահանջում ՀՀ իշխանություններից, ՀՀ իշխանությունը ինչ կարողանում է, անում է»,- ընդգծում է նա:

Հարցադրմանը՝ եթե ՌԴ-ը չի կատարում իր պարտավորությունները, ապա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ պատրաստ է Սոչիում խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարացնելու մասին փաստաթուղթ ստորագրել, Սուքիասյանը ենթադրում է՝ վարչապետը «բլեֆ» է անում:

«Արտաքին քաղաքականությունն այնպիսի բան չէ, որ դպրոցականի ուղեղին հասու լինի: Վարչապետը շատ լավ գիտի, որ Ռուսաստանն իր պարտականությունները չի կարողանալու անել, այդ պատճառով «դեմ է տվել» նրանց: Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարելու, ՀՀ-ն էլ ստանալու է բավարար լեգիտիմություն՝ այլ բևեռների հետ աշխատելու համար: Իշխանությունները «ֆլիրտ են անում», ու ես դա դրական եմ գնահատում: Քաղաքականության մեջ ամեն բան չէ, որ ուղիղ են ասում»,- նկատում է նա:

Ըստ քաղաքագետի՝ Արցախի իշխանությունները պետք է հետևեն ՀՀ իշխանությունների գործողություններին և չհակադրվեն նրանց:

«Արցախի իշխանությունների գործողությունները պետք է համաձայնեցված լինեն Հայաստանի իշխանությունների հետ: Եթե համաձայնեցված չեն, և Ռուսաստանի քաղաքականությունն են առաջ տանելու, ապա Արցախ էլ չի լինելու: Ավելի լավ է՝ թողնեն ՀՀ իշխանություններն աշխատեն: Արցախի նախկին ղեկավարներն էլ, որոնք երեկ մասնակցում էին հանրահավաքին, թող բացատրեն, թե ինչպես եղավ, որ իրենք 30 տարի է ղեկավարում էին Արցախը, ՀՀ-ն իրենց համար ամեն ինչ անում էր, բայց հիմա Արցախը չկա: Հիմա եկել, ի՞նչ են ուզում Հայաստանից: Որ ՀՀ-ը հայտարարի, թե Արցախը առանձին պետությո՞ւն է, նոր լայնածավալ պատերազմ սկսի, ու ի չիք լինեն ՀՀ իշխանությունների վարած դիվանագիտական քայլերը: Այո, Արցախ քաղաքական էլիտան դա է ուզում, որ ՀՀ-ը շնչահեղձ լինի, իրենք՝ Քոչարյանի գլխավորությամբ, հեղաշրջում անեն, ՀՀ-ն ու Արցախն էլ հանձնեն Ռուսաստանին»,- ասում է նա:

Ձեզ կհետաքրքրի...