Մի քանի օր է՝ համացանցում գրում են մի քրեական գործի մասին, որը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի կողմից տրվող շինթույլտվություններին․

յյււ

   Մի քանի օր է՝ համացանցում գրում են մի քրեական գործի մասին, որը վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի կողմից տրվող շինթույլտվություններին, դրանց հետ կապված կոռուպցիոն երեւույթներին, ինչպիսին է, օրինակ, ինքնակամ ապօրինի կառույցների օրինականացումը։ 
 Գործը, ըստ մամուլում հրապարակված լուրերի, սերտորեն առնչվում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Սեյրան Մեջլումյանին, որը փաստացի կատարում է աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։ Նույնիսկ լուրեր են տարածվում, թե նրա լիազորությունները կասեցված են, եւ նա շուտով ազատվելու է աշխատանքից։

  Կա՞ արդյոք նման քրեական գործ։ ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին` այո, կա քաղաքապետարանի կողմից տրվող շինթույլտվություններին առնչվող քրեական գործ, որը ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։

  Մեր տեղեկություններով, այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեն տասնյակից ավելի քրեական գործեր է քննում շինթույլտվությունների հետ կապված։ Սակայն Սեյրան Մեջլումյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ։ «Ձեր նշած անձը մեզ մոտ քննվող քրեական վարույթների շրջանակում մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինե Օհանջանյանը։  Իսկ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նա շարունակում է աշխատել` Մեջլումյանի պաշտոնավարումը կասեցնելու միջնորդություն չեն ստացել։ «

 Պատմում են նաեւ, որ այժմ քաղաքապետարանում լարված մթնոլորտ է, մեկը մյուսի վրա է գցում պատասխանատվությունը` ինքնակամ կառույցների օրինականացման խնդրահարույց գործարքների հետ կապված։ Իսկ կոնկրետ Մեջլումյանի մասով կան կասկածներ, որ ինքնակամ շինությունների գործերի ընտրության հարցում անփույթ եւ սուբյեկտիվ է մոտեցել, այս թեմայով իրացվել են օպերատիվ տեղեկություններ։ 

 Hraparak.am-ին հաջողվել է կապ հաստատել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Սեյրան Մեջլումյանի հետ, որը տեղյակ էր իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների ու հրապարակումների մասին։ Նա ասաց, որ շարունակում է պաշտոնավարել եւ  հերքում է իր անվան շուրջ տարածվող զրույցները։ 

 Դուք տեղյա՞կ եք շինթույլտվությունների վերաբերյալ քրեական գործից։ «Ես նման ինֆորմացիա չունեմ, մինչ այս պահը որեւէ քրեական գործով չեմ անցել, ոչ մի տեղ չեմ կանչվել, ոչ մի բացատրություն իրավապահ մարմիններին չեմ տվել,  ինձ չեն կանչել ու չեն հարցրել։ Ես ի պաշտոնե շինթույլտվությունների հետ կապ չունեմ, դա քաղաքապետի բացառիկ լիազորությունն է։ Անբարոյականություն է առհասարակ խոսել նման բանի մասին»։ 

 Լավ, քաղաքապետը ստորագրում է, բայց ո՞վ է նախապատրաստում շինթույլտվությունների տրամադրման գործընթացը, փաստաթղթերը, Դուք չե՞ք ներկայացնում քաղաքապետին։ «Այդ գործարքների համար ամբողջ պատասխանատվությունը  կրում է ճարտարապետության վարչությունը»,- ասաց Սեյրան Մեջլումյանը։

 

Ձեզ կհետաքրքրի...