Երևանի քաղաքապետարանը կներդնի միասնական համակարգ, որով երևանցիները կկարողանան առցանց վճարումներ կատարել, հնարավոր կլինի շինթույլտվություններն ավելի արագ տրամադրել, մատչելի նոտարական ծառայություններ մատուցել և այլն
Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. Երևան համայնքը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում՝ մեկնարկելով «Հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և մատչելիության ամրապնդում՝ կառավարման տեխնոլոգիաների միջոցով» ծրագիրը:
«Հանրային կառավարման բարեփոխումները պետական կառավարման համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում կարևորագույն բարեփոխումների փաթեթն են: Սա ներքին գործընթաց չէ միայն և ուղղակիորեն անդրադառնում է տնտեսվարողների ու մարդկանց կյանքի վրա: Այս հուշագրի ստորագրումից հետո, ես վստահ եմ, որ մենք մեծ թափով կսկսենք իրականացնել առաջին ծրագրերը և, դրան զուգահեռ, Երևանի քաղաքապետարանը կսկսի իրականացնել հանրային կառավարման բարեփոխման լայն շրջանակը: Պատմականորեն Երևանի քաղաքապետարանը բավականին բյուրոկրատական համակարգի ընկալում է ունեցել, և այս ծրագրի հիմնական նպատակն այդ ընկալումները փոխելն է»,— նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հայաստանի կառավարության ու Երևանի քաղաքապետարանի կողմից Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագիրը կֆինանսավորվի Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարում» հիմնադրամի միջոցներով:
«2004 թվականից ի վեր Համաշխարհային բանկն օժանդակել է պետական կառավարման բարեփոխումները մի շարք ծրագրերով։ Մեկնարկող նախագիծն ունի համապատասխան թվային ենթակառուցվածքների համար հիմք ստեղծելու նպատակ՝ թվային միջոցներով առավել արդյունավետ, ծախսարդյունավետ և օգտվելու համար դյուրին հանրային ծառայությունների մատուցումն ապահովելու համար։ Մենք հավատում ենք, որ այսպիսի նախաձեռնությունները կնպաստեն ավելի լավ բիզնես միջավայրին և առավել թափանցիկ ու հաշվետվողական կդարձնեն հանրային հատվածի կողմից մատուցվող ծառայությունները»,- նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
«Հայաստանն իր հանրային հատվածն արդիականացնելու և թվային վերափոխումը պատրաստակամորեն ընդունելու հստակ հանձնառություն է դրսևորել։ Միացյալ Թագավորության թվային նորարարության զգալի փորձ և փորձառություն ունի։ Ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամ»-ը ֆինանսավորում է Համաշխարհային բանկին՝ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ կառավարման տեխնոլոգիաների միջոցով հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մատչելիության ամրապնդման ծրագիր իրականացնելու համար։ Այս ծրագրով տեխնիկական ուղեցույց է առաջարկվում և ներկայացվում է լավագույն փորձը, ինչը կբարելավի թվային ծառայությունների տրամադրումը թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակով՝ ստեղծելով ավելի արդյունավետ հանրային ծառայությունների և կայուն զարգացումը խթանելու հնարավորություն»,- ասել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։
Նախագիծը կյանքի կոչելու համար վեր են հանվել բոլոր այն խնդիրները, որոնք դժգոհություններ են առաջացնում բնակիչների շրջանում: Կլինեն նաև առցանց հարթակներ և բջջային հավելվածներ:
Երևանի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության ու Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրված «Փոխըմբռնման և գործընկերության բազմակողմ» հուշագրով պաշտոնապես տրվեց ծրագրի մեկնարկը։