Դիլիջանի թունելի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել. նախատեսում ենք նոր թունել կառուցել. ՏԿԵ նախարարի տեղակալ
ՏԿԵՆ-ին 2023 թվականին հաստատված պետբյուջեից ֆինանսավորվող ծախսերի մասով 22 ծրագրում ընդգրկված 147 միջոցառումների իրականացման նպատակով հատկացվել է ընդհանուր 301 միլիարդ 972 միլիոն դրամ, որից ծախսային ծրագրերով՝ 274 մլրդ 975 միլիոն դրամ, իսկ 26 մլրդ 997 միլիոն դրամը՝ դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներառված ենթավարկերի տեսքով տրամադրվող ծրագրերի տեսքով:
Հատկացված գումարներից փաստացի ծախսվել է 296 միլիարդ 367 միլիոն դրամը, որից ծախսային ծրագրերով՝ 269 միլիարդ 953 միլիոն դրամը: Ընդհանուր կատարողականը կազմել է 98,2 տոկոս, իսկ 26 մլրդ 414 միլիոն դրամ դեֆիցիտի ֆինսանսավորման մասով կատարողականը կազմել է 97,8 տոկոս: Այդ մասին խորհրդարանում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտնեց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Հաշվետու տարվա կատարողականը 3,3 տոկոսային կետով ավելի բարձր է, քան նախորդ տարվա կատարողականը: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ, հաշվետու տարում ավելի է ծախսվել 46 մլրդ 649 միլիարդ դրամով կամ 20,9 տոկոսով, որից 44 մլրդ 731 մլն դրամը կամ 95 տոկոսը՝ կապիտալ ծախսերի գծով:
«Պլանավորել ենք երկու հիմնական, մեծ թունելների նոր նախագծային աշխատանքներ սկսել: Խոսքը Պուշկինի և Դիլիջանի թունելների մասին է: Բոլորս գիտենք՝ այդ թունելների վիճակը թե անտանգության, թե մյուս տեսակետից բարվոք չէ: Մենք օգտագործել ենք վարկային ծրագրերի խնայողությունները և այդ նպատակով միջազգային նախագծողին պատվիրել ենք նախագծային աշխատանքներ: Մանրամասն հետազոտություն իրականացրինք երկու թունելների մասով, այս պահին որոշում ունենք ամբողջությամբ վերականգնելու Պուշկինի թունելը»,- հայտնեց Ղալեչյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին:
Վերջինս հետաքրքրվում էր թունելների անվտանգության հարցերով:
Նախարարի տեղակալի խոսքով՝ Դիլիջանի թունելի վերաբերյալ կարևոր որոշում է կայացվել, որով նախատեսվում է նոր թունելի կառուցում:
«Ֆինանսական, տեխնիկական գնահատումները ցույց տվեցին նոր թունել կառուցելու նպատակահարմարությունը, որի նախագծային փաստաթղթերը մենք ամենաուշը մինչև տարեվերջ կունենանք: Պլանավորում ենք միջազգային ծրագրերով իրականացնել այս երկու թունելի շինարարությունը: Թունելների վերակառուցման կամ կառուցման, անվտանգության բարձր ստանդարտներ ենք որդեգրել: Դրանք կառուցել և վերակառուցելու ենք ԵՄ-ի թունելների անվտանգության չափանիշներին համապատասխան՝ ամբողջությամբ վերանայելով օդափոխության, հակահրդեհային, լուսավորության համակարգը»,- ասաց Ղալեչյանը՝ տեղեկացնելով՝ հաջորդ տարվա բյուջեով պլանավորվել են այս ծախսերը:
«Սա մեր առաջիկա առանցքային ծրագրերից է»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալը: