Ռուսաստանում հայտարարել են, որ քաղցկեղի դեմ պատվաստանյութ են ստեղծել
Ռուսաստանում քաղցկեղի դեմ պատվաստանյութ է ստեղծվել, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, սակայն դեռևս մկների վրա։ Այս մասին RBC Life-ին ասել է Փորձարարական ախտորոշման եւ ուռուցքային թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը։ «Պատմությունը սկսվել է Ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնում: 2018թ.այստեղ, Ռուսաստանի Առողջապահության նախարարության հանձնարարականով, սկսեցինք աշխատանքներ նեոանտիգենային անհատականացված պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Փորձարկումների ավարտից հետո գիտնականները կկարողանան խոսել քաղցկեղով հիվանդների որոշակի խմբերի մոտ ռեցիդիվների առաջացման վտանգը կանխելու մասին: Մարդկանց վրա օգտագործելու համար դեռ անհրաժեշտ է ստեղծել հատուկ միջավայրեր՝ անհատական պատվաստանյութի արտադրության համար։ Դրանք ներկայումս կառուցման փուլում են։ Տեխնոլոգիան, որի մասին խոսում ենք, բեկումնային է, բայց մենք չենք խոսում քաղցկեղի բոլոր տեսակների դեմ «ոսկե դեղահաբի» մասին»,- պարզաբանել է Կոսորուկովը։ Այս աշխատանքներում ներգրավված Բլոխինի Ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իգոր Սամոյլենկոն RBC Life-ի հետ հարցազրույցում նշել է. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդու իմունային համակարգի հետ արդյունավետ աշխատում նոր տեխնոլոգիաները, որոնք օգնում են ավելի լավ պայքարել քաղցկեղի դեմ: Ցավոք, ոչ բոլոր ուռուցքները կարող են լավ «թեկնածու» լինել նման պատվաստանյութերի համար, և այդ ուռուցքների սպեկտրը դեռ պետք է որոշվի: Պատվաստանյութը թույլ կտա ստեղծել հակագենների առանձին խմբեր և, համապատասխանաբար, T-բջիջների ընկալիչների կլոններ, որոնք կարող են ճանաչել այդպիսի անտիգենները: Հակամարմինների մեծ քանակի պատճառով ուռուցքի համար ավելի դժվար կլինի խուսափել իմունային պատասխանից, և բոլոր ուռուցքային բջիջների ոչնչացման հավանականությունը շատ ավելի մեծ է դառնում»։