58-ամյա տղամարդը կալանավորվել է՝ քրոջ՝ առանձին դաժանությամբ սպանության մեղադրանքով

inqnashen

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 58-ամյա տղամարդու կողմից քրոջ՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 18:06-ին,  Մովսես Խորենացու փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, նկատելով մի քաղաքացու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակով,  մոտեցել են նրան և պարզել, որ պոլիէթիլենային տոպրակում գլխատված կնոջ գլուխ է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 58-ամյա տղամարդը, շուրջ 6 ամիս բնակվելով քրոջ տանը և լինելով նրա խնամքի ներքո, 2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վերջինիս ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցից վերցրել է տնտեսակենցաղային խառնիչ սարքը, գաղտնի մուտք է գործել քրոջ ննջասենյակ, որտեղ վերջինս զբաղված է եղել համակարգչով և չի նկատել եղբոր մոտենալը, նշված խառնիչի լարով սկսել է խեղդել քրոջը և գցել հատակին: Տեսնելով որ վերջինս դեռևս շարժվում է՝ իր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, 58-ամյա տղամարդը հարակից սենյակից վերցրել է 35 սմ երկարությամբ ինքնաշեն եղանակով սրված երկաթը և որպես դանակ օգտագործելով՝ սկսել է կոկորդի հատվածից կտրել քրոջ գլուխը՝ այդ կերպ առանձին դաժանությամբ սպանելով նրան:

Այնուհետև գլխատելով քրոջ մարմինը՝ թողել է այն նույն վայրում, իսկ կտրված գլուխը դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, վերցրել քրոջ առանձնատան սեփականության վկայականն ու այլ փաստաթղթեր և հեռացել է տանից:     

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 58-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...