ՄԻԵԴ-ում սպասվում է 6 տարի առաջ Ադրբեջանում խոշտանգված ու կյանքից զրկված Կարեն Պետրոսյանի գործով վճիռը
Սպասվում է Եվրոպական դատարանի վճիռը Ադրբեջանում հայտնված և խոշտանգված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործով:
6 տարի առաջ այս օրը Բաքուն հայտարարել էր, թե Կարեն Պետրոսյանն իբրև հանկարծամահ է եղել սրտանոթային անբավարարության հետևանքով:
Ադրբեջանը հայ տղայի դին Հայաստանին էր հանձնել ամիսներ անց` հոկտեմբերի 10-ին: Ստրասբուրգի դատարանը կոմունիկացրել է գործը՝ վիճարկվող բոլոր հոդվածներով: Կարեն Պետրոսյանի ընտանիքի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնում են փաստաբան Քրիստինա Գևորգյանը, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Լարիսա Ալավերդյանը:
Քրիստինա Գևորգյանը «Լուրերին» ասել է նաև, որ դատարանին խնդրել են պարտավորեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ համարժեք այլ մեխանիզմի կիրառում՝ քաղաքացիական և ռազմագերիների կյանքի պաշտպանության նպատակով: Ըստ Գևորգյանի՝ ակնկալում են` ՄԻԵԴ-ը կբավարարի իրենց պահանջն ամբողջությամբ, կճանաչի Կարեն Պետրոսյանի իրավունքների խախտումները։
Կարեն Պետրոսյանը 2014 թ. օգոստոսի 7-ին վառելափայտ հավաքելու ընթացքում կորել և սխալմամբ հատել էր Ադրբեջանի կողմից հսկվող սահմանը, հասել ադրբեջանական Աղբուլաղ գյուղ, Ադրբեջանի ռազմական ուժերը ձերբակալել էին նրան:
«Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից:
Առկա փաստերը վկայում են, որ Կարեն Պետրոսյանը Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից ձերբակալման պահից պահվել է արտաքին աշխարհից մեկուսացված, ինչից հետո ենթարկվել է խոշտանգումների և դաժան վերաբերմունքի Ադրբեջանի իշխանությունների կամ նրանց գործակալների կողմից, ներառյալ հրապարակայնորեն նվաստացման»,- «Լուրերին» ասել է Քրիստինա Գևորգյանը և հույս հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը պարտադրված է լինելու ՄԻԵԿ-ի 46-րդ հոդվածի համաձայն (ինչպես նաև Դատարանի վճռի օպերատիվ դրույթով ամրագրված) իրականացնել արդյունավետ քննություն, ներառյալ, բայց չսահմանափակվել միայն մահվան հանգամանքներով և մինչ մահը Կարեն Պետրոսյանին հասցված վնասների մասով:
Ըստ իրավաբանի՝ սպասվող որոշումը կարևոր է կոմունիկացված մյուս գործերով՝ Մամիկոն Խոջոյանի, Նարեկ Սարդարյանի, Կարեն Ղազարյանի իրավախախտումների վերաբերյալ դիմումների ելքի իմաստով: Եթե կայացվեն նախադեպային որոշումներ, ըստ Քրիստինա Գևորգյանի, «Ադրբեջանը չի կարողանա խուսափել և ուղղակի պարտադրված կլինի ձեռնարկել համապատասխան միջոցներ, քրեական գործեր հարուցել և դրանց շրջանակներում ստիպված կլինի ներկայացնել փաստեր և ապացույցներ, որ ձերբակալված անձինք դիվերսանտ են, ինչպես որ նրանք ամբողջ աշխարհին են ներկայացնում մեր հայրենակիցներին ձերբակալելուն պես։ Հուսով ենք, որ որոշ չափով նաև կկանխվեն մեր հայրենակիցների խոշտանգումները Ադրբեջանի իրավասության ներքո գտնվելու ժամանակ»։