Բայրամովը՝ Մոսկվա, Շոյգուն՝ Բաքու. փոփոխություններ ռուս-ադրբեջանական հարաբերություններում

rus turq

Օգոստոսի 25-ը յուրահատուկ օր էր ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների համար. Մոսկվայում եւ Բաքվում տեղի ունեցան առանցքային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները: Մոսկվայում Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովին հյուրընկալեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ Բաքվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպեց Զաքիր Հասանովի հետ: Յուրահատուկը ոչ թե հանդիպումների փաստն է, այլ այն, որ դրանք ավելի ակներեւ դարձրին հարաբերությունների զարգացման հնարավորությունների սղությունն ու առկա խնդիրները:

Բայրամովի այցը ճանաչողական էր, ուստի լուրջ խնդիրներ երկու նախարարների միջեւ չեն քննարկվել: Դա արտգործնախարար նշանակվելուց հետո նրա երկրորդ այցն էր՝ Անկարայից հետո: Առավել հետաքրքրական է Շոյգուի այցը Բաքու: Պաշտոնապես դրա նպատակը «Միջազգային բանակային խաղեր — 2020»-ի շրջանակներում անցկացվող «Ծովային գավաթ» մրցույթի բացման արարողությանը մասնակցելն էր: Սակայն պակաս կարեւոր չէ, որ այցը տեղի ունեցավ Մոսկվայի հասցեին Բաքվի հնչեցրած մեղադրանքների ֆոնին, թե իբր «Ռուսաստանը 400 տոննա ռազմական տեխնիկա է տեղափոխել Հայաստան»: Ադրբեջանական մեղադրանքներում հիշատակվում են նաեւ Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Իրանը, իսկ ավելի վաղ նմանատիպ մեղադրանքներ հնչել էին նաեւ Սերբիայի եւ Հորդանանի, այսինքն՝ ՌԴ-ի հետ առնվազն բարեկամական հարաբերություններ ունեցող երկրներ հասցեին:

Պաշտոնական Բաքուն չի կարող որեւէ մեղադրանք ներկայացնել ըստ էության: Բացի դրանից՝ Բաքվի համար դժվար թե նորություն լինեն ՌԴ-ից Հայաստան մատակարարումները: Այդուհանդերձ, դժգոհության արտահայտման հրապարակային ձեւը (Ալիեւ-Պուտին հեռախոսազրույցի ադրբեջանական տարբերակում) խոսուն է:

Պաշտոնական Մոսկվան մեղադրանքներին պատասխանեց Շոյգուի միջոցով, որը Բաքվում հայտարարեց, որ Հայաստան է մատակարարվել շինանյութ ռուսական 102-րդ ռազմաբազայի համար, ոչ թե ռազմական տեխնիկա: Ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, թե «ռուսական կողմի բացատրություններն այնքան էլ չեն գոհացնում»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ակնկալում է «հստակություն մտցնել այն հարցում, թե ինչ հիմքերով է շարունակվում Հայաստանի ինտենսիվ սպառազինումը», իսկ ինքնաթիռով տեղափոխվող շինանյութի մասին նշել է, որ դրանք «կարող են առաքվել այլ եղանակով»: Այստեղ, թերեւս, կարելի է միայն հավելել, որ Հաջիեւը չէ, որ պետք է որոշի, թե ինչ եղանակով պետք է շինանյութը հասնի ՌԴ-ից ՀՀ: Ի դեպ, նույնը վերաբերվում է նաեւ ռազմական տեխնիկային ու սպառազինությանը: Նշենք, որ տեղափոխումներին անդրադարձել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Ազատության» հետ զրույցում նա նշել է. «Դրանք եղել են ՌԴ 102-րդ բազայի շրջանակներում, ամեն դեպքում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար հիմա բեռ չի տեղափոխում ռազմական նշանակության, մենք դա ինքնուրույն ենք անում»:

Վերադառնալով ՌԴ-Ադրբեջան հարաբերություններին, հարկ է նշել, որ ներկա պահին դրանք մեծապես կախված են որքան հայ-ադրբեջանական, այնքան էլ ռուս-թուրքական հարաբերություններից: Ադրբեջանի՝ ՌԴ-ի ուղղությամբ մեղադրող հռետորաբանությունը «համընկել է» Թուրքիայի հետ է՛լ ավելի սերտ հարաբերությունների կառուցման հիմքեր գցելու հետ: Շոյգուի այցի նախօրեին՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների եզրափակիչ փուլին մասնակցելու համար Ադրբեջանում էին Թուրքիայի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները: Այդ այցի ընթացքում Ալիեւը հայտարարել էր, որ «Թուրքիան դառնում է Ադրբեջանի թիվ մեկ ռազմավարական գործընկեր» սպառազինության գնումների եւ ռազմարդյունաբերական համալիրի հետ համագործակցության առումով:

Ընդհանուր առմամբ բարդ է չնկատել Թուրքիայի ջանքերը տարածաշրջանային լիիրավ եւ ինքնուրույն խաղացող դառնալու ուղղությամբ: Դա երեւում է թե՛ Սիրիայում, թե՛ Լիբիայում իրականացվող քաղաքականությունից: Ընդ որում, հարկ է նշել, որ վերոհիշյալ թեժ կետերում ՌԴ-ի հետ «բարիկադների տարբեր կողմերում» լինելով, Թուրքիային հաջողվել է խուսափել ուղիղ ռազմական բախումից: Այս տեսանկյունից ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում առավել հետաքրքրական է Հարավային Կովկասը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, քանի որ այստեղ չկա մանեւրելու այնպիսի հնարավորություն, ինչպիսին առկա է վերոնշյալ «թատերաբեմերում»:

Թուրք-ադրբեջանական մերձեցման նախադրյալ կամ արդյունք կարող է համարվել նաեւ Ադրբեջանում առկա հասարակական ընկալումները թուրք եւ ռուս ժողովուրդների, որպես հետեւանք՝ նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը: Վերջին շրջանում Ադրբեջանում տարածված է «ռուսը թշնամի է, թուրքը` բարեկամ», կամ «մենք բոլորս թուրք ենք» գաղափարները:

Տարածաշրջանում ուժերի լուրջ վերադասավորում կարող է լինել մի քանի դեպքում, որոնցից ոչ մեկն իրատեսական չեն երեւում առնվազն այս պահին: Վերադասավորման համար անհրաժեշտ է ռուս-հայկական կամ թուրք-ադրբեջանական դաշնակցության փլուզում (ինչը բարդ է պատկերացնել՝ անկախ այդ երկրներում ներքաղաքական վերադասավորումներից), կամ Արցախի հարցում բեկումնային լուծումներ: Ուստի ռուս-ադրբեջանական հարաբերությունները հետագայում եվս հիմնվելու են նույն գործոնների վրա, իսկ պաշտոնական Բաքուն, թերեւս, փորձի չգնալ անկանխատեսելի քայլերի, քանի որ իր տեսանկյունից ընդհանուր իրավիճակը որքան ցայտնոտային է, այնքան էլ ցուգցվանգային:

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...