Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բացահայտում

bacahaytumner

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Դրայվ-2014» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Թ.-ը, նախնական համաձայնության գալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ա. Պ.-ի և փորձագիտական խմբի փորձագետ Ռ.Ղ.-ի, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակցի հետ, խախտելով ՀՀ կառավարության 28.08.2008 թվականի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու» մասին 1101-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «Նվազագույն պահանջներ ԱԳԼՃԿ-ների կառուցման վերաբերյալ» գլխի 12-19 կետերի պահանջները, չունենալով ավտոգազալցաճնշակայան կառուցելու շինարարական թույլտվություն՝ սեփականության իրավունքով  իրեն  պատկանող  Չարենցավան քաղաքի Եսայան 8 և 10 հասցեներում կառուցել է ստացիոնար  ավտոգազալցաճնշակայան: Այնուհետև, 2014 թվականից մինչև 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում  իրականացրել է սեղմված բնական գազի վաճառք: «Դրայվ-2014» ՍՊ ընկերությանը պատկանող  գազալցակայանը հաշվառված է եղել արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղակայված գազաբալոնների համար և չունենալով սեփական ճնշակ` սեղմված գազը ստացել է ավտոգազալցման ճնշակների արտադրությամբ զբաղվող իր հարևանությամբ գործող «Եղիցի լույս» ՍՊ ընկերության տարածքում  գտնվող արտադրական փորձարկում անցնող  ճնշակներից:

Միաժամանակ, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձինք 2014-2019 թվականների ընթացքում պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով` կազմել, հաստատել  և շրջանառության մեջ են դրել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության վկայագրի փորձաքննությունների դրական  եզրակացություններ՝ արդյունքում իրական վտանգ ստեղծելով  ինչպես ավտոգազալցակայանի ծառայությունից օգտվող, այնպես էլ հարևանությամբ բնակվող անձանց կյանքին ու առողջությանը։

Վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ձեզ կհետաքրքրի...