«Հին Երևան»-ի կառուցումը սովորական, ստանդարտ շինարարություն չէ․ այս պահին միակ խնդիրը բնակիչներն են

hin erevan

Ըստ նախագծի հեղինակի՝ «Հին Երևան»-ը պետք է ունենա 150 հազար քմ օգտակար մակերես: Ճարտարապետը միտում ունի վերակառուցել հին Երևանին բնորոշ միջավայր իր բակերով, փայտե պատշգամբներով, մառաններով:

Թաղամասի ամբողջ երկայնքով ձգվելու են ստորգետնյա երեք հարկեր: Առաջին հարկում տեղակայվելու են շենքերի մառանները, նկուղները, իսկ ներքևի երկու հարկերը լինելու են ստորգետնյա ավտոկայանատեղի՝ նախատեսված 1400 մեքենայի համար, ինչը միաժամանակ լուծում է հարակից փողոցների ավտոկայանման խնդիրը էապես բեռնաթափելով քաղաքի այդ հատվածը։

Իհարկե, այս նախագիծը չէր կարող միանշանակ դրական ընկալվել բոլորի կողմից։ Մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներից շատերը քննադատեցին, անընդունելի համարեցին Երևանի գլխավոր պողոտայում նման շենքերի կառուցումը, ճարտարապետական կառույցների ապամոնտաժումը, բնակիչների տարհանումը։

«Հին Երևան»-ի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ որպես ծրագրի ղեկավար, իր համար այս պահին դժվարություն է  համարվում իրացման աշխատանքները, այսինքն՝ մնացած տարածքը բնակիչներից ազատելու գործընթացը։ «Համար մեկ ու ամենամեծ խնդիրը դա է։ Ուրիշ խնդիր չկա։

նախագիծը պատրաստ է։ Ներդրողները կան, ֆինանսները կան։ Մնում է այդ իրացման աշխատանքները արագացվեն»,- ասաց ճարտարապետ Վարդանյանը։ Նրա խոսքով՝ նախագծով «Հին Երևան»-ի ամբողջ տարածքի մոտ 65 տոկոսն իրացված է, մնում է 35 տոկոսը։ «Հասկանում եք, այդ տարածքը իրար կողքի կպած չեն, քարկտիկ է։

Մի շենք այնտեղ կա, մի շենք մյուս տեղում։ Տարածք չկա, որ կարողանանք ազատ անենք, ինչպես արեցինք նախկին կտորի դեպքում։ Մասնավոր փոքր խնդիրներ կան, որոնք խանգարում են նախագծի ավարտին»,- նշեց ճարտարապետը։

«Հին Երևան»-ի հեղինակը հույս հայտնեց, որ այս տարի, եթե ամեն ինչ նորմալ գնա, տարածքը ազատվի, դեպի Քոչինյան փողոց ևս մեկ կտոր կկառուցվի։ «Այնտեղ Աֆրիկյանները կան, ահագին ապամոնտաժված շենքեր կան, որոնք պետք է կառուցվեն։ Երբ սկսենք, ժողովրդի համար ահագին ընկալելի կլինի ծրագիրը, թե ինչ ենք անում»,- ընդգծեց Լևոն Վարդանյանը։

Այս աշխատանքային խումբը, որի ղեկավարը Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է, ճարտարապետի խոսքով, ստեղծվել է, որպեսզի կապը Կառավարության հետ ավելի արագ ու թափանցիկ լինի, ասել է, թե ծրագիրն իրականացնելու ժամանակ ցանկացած խնդրի դեպքում արագ արձագանքում լինի Կառավարության կողմից։

«Այսինքն՝ Կառավարությունը կարողանա մատը պահել պուլսի վրա։ Ամեն փոքր հարցով երկար ժամանակ է հարկավոր լինում, մինչև ընկնում ես այս կամ այն նախարարի մոտ, ժամանակ է անցնում։ Դա է հիմնական խնդիրը, որ Կառավարությունն ավելի արագ արձագանքի եղած խնդիրներին»,- տեղեկացրեց Լևոն Վարդանյանը։

Ե՞րբ վերջապես կավարտվի «Հին Երևան»-ի կառուցման աշխատանքները, այս հարցին ճարտարապետը դժվարացավ պատասխանել։ «Եթե իրացման աշխատանքները արվեն, անմիջապես շինարարությունը սկսվի, բարդ աշխատանք է ամեն դեպքում, սովորական, ստանդարտ շինարարություն չէ։ Պետք է գոնե սկսենք այդ ապամոնտաժված աշխատանքները կատարել, որ հետո ժամանակի մասին խոսենք»,- ասաց «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ 2014 դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: Ծրագրի շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2015 թվականից։ Նախնական հաշվարկներով՝ խոսքը 120-150 միլիոն դոլարի մասին է: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն էր սահմանվել 5 տարի, այնինչ մինչ այսօր երևանցիները «Հին Երևան»-ը չունեն։

Ձեզ կհետաքրքրի...