ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եգիպտոսի նախագահին
Սեպտեմբերի 14-ին Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունեց ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:
Նախարար Մնացականյանը խորին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրեցին ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները:
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարևորելով խաղաղության և անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը: