Ֆրանսիայի շրջաններից մեկում ոստիկանները հսկում են հայկական եկեղեցիները, դպրոցները․ տխուր նկարներ, բայց ուժեղ խորհրդանիշ
Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանում զինված ոստիկանները հսկում են հայկական եկեղեցիներն ու կրթական հաստատությունները։ Ուժեղացված ծառայություն իրականացնելու պատճառը վերջին շրջանում թուրքերի կողմից հայերի հետապնդումներն են։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի պատասխանատու Լենա Գյուսխասյանը մեզ հայտնեց՝ քանի որ Օվերն-Ռոն-Ալպ-ը հայաշատ շրջան է, եղել են հետապնդումներ թուրքերի կողմից, տեղի իշխանությունները որոշել են ուժեղացնել հսկողությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայում թուրքերը հարձակվել էին հայերի վրա, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում։ Օրեր անց նաեւ պղծել էին Լիոն քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը, որի վրա գրվել էր՝ «Գորշ գայլեր» (թուրքական ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպություն)։
Դեսպանությունից հիշեցրին նաեւ, որ Օվերն-Ռոն-Ալպ-ն այս ընթացքում շատ հայամետ գործունեություն է իրականացրել․ գումար է տրամադրել Արցախում հումանիտար օգնության համար, օգնություն տեղափոխել։ Օրեր առաջ էլ Ֆրանսիայի կառավարությունը որոշեց երկրի տարածքում արգելել «Գորշ գայլեր»-ի գործունեությունը։
Հսկողության ավելացման մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ հրապարակելով այդ ծառայությունն իրականացնող ոստիկանների նկարներ։
«Տխուր նկարներ, բայց պաշտպանության ուժեղ խորհրդանիշ, որը մեր ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին։ Հայկական արմատներով ֆրանսիացիների հասցեին հնչեցրած սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար»,- գրել է նա։
Լուսանկարները՝ դեսպանի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ Օվերն-Ռոն-Ալպ-ի վարչական կենտրոնը Լիոն քաղաքն է։ Խոշոր քաղաքներից են Շամբերին, Գրենոբլը եւ այլն։
armtimes.com