Տարեկան միջինում 22 մլրդ դրամ կմտնի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ․ փոխվարչապետը մանրամասներ է ներկայացնում

poxvarchapet

Եթե հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները բոլորի համար ամսական 1000 դրամից դառնան 3000 դրամ, ապա տարեկան միջինում 22 մլրդ դրամ կմտնի հիմնադրամի բյուջե։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նշենք, որ օրեր առաջ ՊՆ նախագիծ էր ներկայացրել՝ առաջարկելով՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային 1000 դրամը դարձնել 3000, ինչը քննարկումների առիթ էր դարձել։ Դրան հաջորդեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի եւ Շաքե Իսայանի նախագիծը, որով վերջիններս առաջարկում են դրոշմանիշային վճարը բարձրացնել ոչ թե ՊՆ-ի առաջարկած ձեւով՝ բոլորի համար 3000 դրամ, այլ՝ ըստ աշխատավարձի չափի։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

— Պարո՛ն Գրիգորյան, օրեր առաջ ՊՆ-ն քննարկման է դրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից 3000 դրամ դարձնելու մասին նախագիծը։ Ինչպե՞ս է որոշվել գումարի չափը։

— Ելնելով Հայաստանի Հանրապետության աշխատատեղերի ներկա եւ պոտենցիալ քանակից՝ սա այն նվազագույն չափն է, որը հնարավարություն կտա հիմնադրամին անհրաժեշտ միջոցներ հավաքել՝ ստանձնած պարտավորությունները լիարժեք եւ ամբողջական կատարելու համար:

— Ինչո՞ւ հենց այս տարբերակը ընտրվեց եւ ոչ ըստ աշխատավարձի մեծության վճարելու տարբերակը։

— Տվյալ հարցը երկար քննարկվեց, սակայն ի վերջո փոխհամաձայնություն եղավ այն մտքի շուրջ, որ հիմնադրամի վճարները պետք է ունենան պարտադիր ապահովագրության վճարի, այլ ոչ թե հարկային դրույքի տրամաբանություն: Հարկային դրույք սահմանելիս կարեւոր է եկամտի չափը, իսկ ապահովագրությունը ենթադրում է պաշտպանություն անցանկալի եւ անսպասելի դեպքերից, որոնց ծագման ժամանակ հավանական հետեւանքները կրում ենք բոլորս հավասար չափով: Այնուամենայնիվ, չեմ բացառում, որ ԱԺ-ում քննարկումների արդյունքում որոշ փոփոխություններ կամ լրացումներ լինեն:

— Տարեկան որքա՞ն գումար կմտնի հիմնադրամի բյուջե, եթե հունվարի 1-ից այս օրենքն ուժի մեջ մտնի։

— Միջինում շուրջ 22 մլրդ դրամ՝ չհաշված կամավորության սկզբունքով վճարվող գումարները, որոնց հոսքը դժվար է պլանավորել:

— Հաշվարկներ կա՞ն, թե այս որոշումն ինչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքացիների վրա։

— Անշուշտ, օրենքի ընդունումը կունենա ազդեցություն: Կարող եմ ասել՝ որոշ քաղաքացիների համար՝ գուցե էական, սակայն կարծում եմ՝ ներկա իրավիճակում այս հարցին պետք է այլ տեսանկյունից նայել: Անկեղծ ասած՝ այլընտրանքային լուծումների վերաբերյալ տեւական ժամանակ եղել են քննարկումներ, սակայն, ցավոք, ներկա իրողություններում այլ լուծումների հնարավորությունները սահմանափակ են:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...