«Այդ գիշեր մեզ պետք է սպանեին, էդպես էր պլանավորած». Ալեն Սիմոնյան

Alen

Հարգելի ընկերներ, վաղուց էի ուզում այս գրառումն անել, բայց գիտակցելով, որ թե՛ իմ, թե՛ մեր ժողովրդի հույզերը շատ լարված են, հետաձգեցի։ Նույնիսկ հիմա ես պատրաստ չեմ խոսել այն ողբերգության մասին, որը տեղի ունեցավ։ Ասելիքներ շատ կան, բայց ըստ հերթականության, իր ժամանակին։ Այս օրերին, համացանցը ողողված է ստի և շահարկումների մեծ ալիքով։ Ուստի ուզում եմ մի քանի տեղեկություն հայտնել ձեզ։ Մի հոգեկան հիվանդ, ստոր, ստահակ, ով ծաղրում էր ռուսաստանաբնակ հայերին, երբ մեր հայրենակիցները ծիրան էին գնում, որ աջակցեին մեր առևտրականներին, որոշեց իմ նկատմամբ հաշվեհարդար կազմակերպել Մոսկվայում։ Ու ցավալին այն է, որ հեղինակավոր հայկական զլմ-ներ լծվեցին այդ կոչը տարածելու գործին, որ հանկարծ ոչ մեկի աչքից չվրիպի հաշվեհարդարի հայտարարությունը։ Գնահատականը թողնում եմ Ձեզ։ Հիասթափեցնեմ այդ բոլորին, ես իրոք նոյեմբերի 5-11-ը գտնվել եմ գործուղման ՌԴ-ում` Մոսկվա քաղաքում, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ ՌԴ դումայի գործընկերների, Դաշնային խորհրդի գործընկերների, հոգևորականների, քաղաքագետների և հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ոչ մի ընդհարում չեմ ունեցել։ Գործուղման ավարտից հետո, ունենալով բազմաթիվ ընկերներից հրավեր մնալու նաև իրենց տանը, մերժել եմ և մեկ օր անց` նոյեմբերի 13-ին, վերադարձել եմ Հայաստան։ Այդ չարաբաստիկ գիշերը ես, իրոք, շատ եմ վախեցել իմ երկրի իմ ընտանիքի ապագայի համար։ Քանզի վստահ եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Արարատ Միրզոյանի հետ, կառավարության շենքում, ԱԺ շենքում, կառավարական առանձնատանը, նախապես պլանավորված էր։ Այդ գիշերը 50 հոգանոց մի խումբ էլ շարժվել է իմ տան ուղղությամբ, փնտրել են ինձ ու րոպեի տարբերությամբ մեր տան բակում խաչվել կնոջս ու 5 տարեկան աղջկաս տատիկի հետ։ Այդ գիշեր մեզ պետք է սպանեին, էդպես էր պլանավորած։ Հաջորդ անհեթեթ սուտը այն է, որ ես իբր ֆեյքերի բանակ եմ ղեկավարում։ Մարդիկ, ովքեր նման բաներ են տարածում, իրենց չափանիշներով են չափում դիմացինին, մտածում, որ եթե իրենք լինեին, ապա ֆեյքերի բանակ կունենային ու կղեկավարեին։ Դա է իրենց մտածելակերպի և հաջողության չափանիշը։ Ես աշխատում եմ պատգամավորների, նախարարների, հեռուստատեսությունների և լրագրողների հետ և ձեր մանր երազանքներն ինձ մի վերագրեք։ Երբ բան եմ ուզում ասել, ձեզ ասում եմ իմ դեմքով` ձեր երեսին, ու դուք դա լավ գիտեք։
Իսկ արյան հոտ զգացած բորենիներին, որոնք ատամները կռճտացնելով, հավաքվեցին ընկածի վրա ինքնահաստատվելու, վրեժխնդիր լինելու համար, ասեմ՝ շտապեցիք, ձեր և ձեր տերերի ժամանակը չի գալու։ Մենք արժանապատվորեն կռվել ենք ու պարտվել, մենք ընկել ենք , բայց չենք ծնկել։ Մենք վիրավոր ենք, բայց չենք մեռել։
Եվ վերջում, ես ուզում եմ մեր այն բոլոր հայրենակիցներից, ովքեր անկեղծ զայրացած են, ՀԱՅ մարդուց, որտեղ էլ նա լինի, ներողություն խնդրել, որ գուցե մի բան այնպես չեմ արել, ինչ-որ բանում հիասթափեցրել եմ։ Ուզում եմ ասել, որ ընդունում եմ ձեր զայրանալու իրավունքը և ցավում, որ այս հարցում չեմ արդարացրել ինչ-որ սպասումներ։ Այն դժոխքը, որի միջով անցնում ենք և անցանք, մարդու ուժերից, իրոք, վեր է։ Ես նաև ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես մահացել եմ ամեն մեռնողի հետ, արտասվել եմ ամեն ձեր արտասուքի հետ, և ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առջև։
Կեցցե Հայ Ժողովուրդը,
Կեցցե Արցախը,
Կեցցե Հայաստանը և Աստված մեզ բոլորիս օգնական:

Ձեզ կհետաքրքրի...