ՌԴ-ն չի ընկրկում, Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից

Kanonavor zorq

Արցախում խաղաղապահ առաքելության գործընթացներում նոր զարգացումներ են նախանշվում: Թուրքիան այդ ուղղությամբ ամեն օր կոշտացնում է իր դիրքորոշումը եւ նոր պահանջներ առաջադրում: Ռուսաստանն այս հարցում մշտապես հղում է անում եռակողմ հայտարարության 5-րդ կետին, որում ասվում է, որ խաղաղապահ գործողություններին Թուրքիան կարող է ներգրավվել միայն Ադրբեջանի տարածքում՝ Բարդա քաղաքում տեղակայվելիք համատեղ դիտորդական կենտրոնի աշխատանքների միջոցով եւ բացառապես տեխնիկական միջոցներով հրադադարի ռեժիմի մոնիթորինգ իրականացնելու առաքելությամբ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը վերջին հրապարակային ելույթի ժամանակ հայտարարեց, որ իր երկրի ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստական աշխատանքները եւ  շուտով կարող են մեկնել Ադրբեջան: Նա նաեւ պնդեց, որ թուրք եւ ռուս խաղաղապահները համատեղ պարեկություն են անելու հենակետերի միջեւ: Ադրբեջանում ցամաքային զորքերի ստորաբաժանումների տեղակայումն արդեն այլ որակ է եւ իրենից ամենեւին տեխնիկական միջոցներով հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ չի ենթադրում: Սա փաստացի նշանակում է թուրքական կանոնավոր բանակի զինված ուժերի դե յուրե ներկայություն Ադրբեջանում:

Թուրքիան փաստացի շարունակում է իր այն նպատակների իրագործումը, ինչի համար Արցախի դեմ պատերազմ էր հրահրել: Ռուսաստանը շարունակում է հավասարակշռված մեսիջներով հղումներ կատարել եռակողմ համաձայնագրի կետերին: Սրա փոխարեն Թուրքիան սկսել է կիրառել իր դիվանագիտության հիմնական զենքը՝ քողարկված շանտաժը: Միայն սրա համատեքստում կարելի էր դիտարկել Էրդողանի վերջին կտրուկ շրջադարձը դեպի Եվրոպա եւ ԱՄՆ: Վերջիններիս հետ հարաբերությունները վերսկսելու նրա հայտարարությունը միջազգային մամուլում միանգամից մեկնաբանվեց Կովկասում ՌԴ-ի հետ ունեցած տարաձայնությունների համատեքստում:

Սպառնալով վերադառնալ արեւմտյան ուղեծիր՝ Անկարան ակնհայտորեն ՌԴ-ից զիջումներ է ակնկալում հենց Ադրբեջանում իր ներկայության հարցում: Սակայն այս պետության վերջին տարիների անկանխատեսելի ղեկավարության պայմաններում ՌԴ-ն որեւէ երաշխիք չունի, որ զիջելուց հետո էլ մի օր Թուրքիան չի վերադառնա արեւմտյան ուղեծիր, եթե, իհարկե, երբեւէ դուրս էր եկել այնտեղից:

Թուրքիան արդեն սկսում է կիրառել նաեւ ուղիղ շանտաժի գործիքը: Թուրքական քաղաքագետների փորձագիտական շրջանների միջոցով վերջինս փոխանցում է, որ  եթե ռուսական կողմը խաղաղապահների ձեւաչափում զիջումների չգնա, ապա ինքը կարող է իր նախաձեռնությամբ առաջնորդվել եւ ռազմակայաններ հիմնել Քելբաջարում, Շուշիում, Զանգելանում եւ Լաչինում:

Նկատենք, որ եւ համատեղ խաղաղապահ առաքելության իրականացումը, եւ վերոհիշյալ շրջաններում ռազմաբազաների հիմնումը էական տարբերություն չունեն: Զարգացումների երկու սցենարների դեպքում էլ արդյունքը լինելու է, տարածաշրջանում ջիհադիստ ծայրահեղականներից բացի, նաեւ կանոնավոր զորախմբի ներկայություն եւ  թուրքական զորքերով Արցախի ու Հայաստանի շրջափակում: Սակայն հավանականությունը, որ Ռուսաստանը կընկրկի նման ճնշումների առաջ, փոքր է, քանի որ այդ ձեւով ոչ միայն իր դարավոր հետաքրքրության տարածաշրջան կթողնի Թուրքիային, այլեւ սեփական ազդեցության ոլորտից դուրս կթողնի Անդրկովկասի երկրորդ պետությունը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ձեզ կհետաքրքրի...