Ուրիխանյանն առաջարկում է Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորել

Urikhanyan

«Ալյանս» կուսակցությունն առաջարկում է հայ ժողովրդի բոլոր խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու միջոցով։ Այսօր կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նման հայտարարություն արեց կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։

«Շատերը հարցնում են` արդյո՞ք դա ենթադրում է, որ Հայաստանը Ռուսաստանի կազմում կներառվի։ Ո՛չ։ Դա նշանակում է ձևավորել միջպետական միություն՝ հիմնվելով տրամաբանությունից բխող իրավաչափության վրա։ Այդ դեպքում Հայաստանը շարունակում է մնալ ՄԱԿ-ի անդամ, ինքնիշխան ու անկախ երկիր, որն ամրապնդում է իր բանակն ու վարում իր արտաքին քաղաքականությունը։ Մնացած բոլոր խոսակցությունները կենցաղային անգրագիտության մակարդակի են»,–ասաց նա։

Նրա խոսքով` ներկա ճգնաժամային պայմաններում Հայաստանին անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, որը պետք է ունենա կոնկրետ դրսևորումներ: Եթե իրականությունը ստիպում է, որ տարածաշրջանում ռուսական խաղաղապահների ներկայություն, ռազմաբազաների կամ բազաների առկայություն լինի Հայաստանում կամ գուցե նույնիսկ Արցախի մնացորդներում, ապա հաջորդ տրամաբանական քայլը, ըստ նրա, պետք է լինի միավորված զորախմբի ձևավորումը սահմանապահ ուժերի տեսքով։

«Այո, մենք տեսնում ենք միութենական միավորման նոր ձևաչափ, որի սահմանները, այդ թվում ՝ Հայաստանի և Արցախի պատասխանատվության շրջանակներում, պետք է պաշտպանվեն համատեղ`ներգրավելով Ռուսաստանի զինված ուժերին»,– նշեց քաղաքական գործիչը:

Միաժամանակ նա առաջնային է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Նոր կառավարություն պետք է ձևավորվի, որի անդամները փորձ կունենան, «նախկին ռեժիմի» ներկայացուցիչներ չեն լինի, ինչպես նաև կարող են արդյունավետ արտաքին քաղաքականություն վարել։ Նրա խոսքով` «Ալյանսը» երկրում իշխանափոխություն կատարելու հայտ է ներկայացնում, սակայն ընդդիմադիրների հանրահավաքներին չմասնակցելը չի նշանակում, որ չի ցանկանում այդ գործընթացի մաս լինել:

Հիշեցնենք, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերն ու նրանց կողմնակիցները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ՝ նրան մեղադրելով ազգային շահերի դավաճանության մեջ: Ընդդիմության առաջնորդներն ու ակտիվիստները պարբերաբար հրավիրվում են քննչական մարմիններ։

Ձեզ կհետաքրքրի...