Մետամֆետամինը թաքցրել են հարսի շորի ծալքերի մեջ. ՊԵԿ

hars

 Մաքսանենգության բացահայտման դեպքերը 2020–ին ավելացել են։ Տեղեկությունն ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը։ 
Անցյալ տարի բացահայտվել է մաքսանենգության 426 դեպք, ինչը 2,4 անգամ ավելի շատ է, քան 2018–ին և 2,1 անգամ շատ, քան 2019-ին։ Բացահայտելիության ցուցանիշը վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձրն էր»,–ասաց նա։ 
Կորոնավիրուսի տարածման և Իրանի հետ ցամաքային սահմանի փակման հետևանքով ավելացել են փոստային առաքանու միջոցով մաքսանենգության դեպքերը։ 

Վարդանյանի խոսքով` ընդհանուր առմամբ, 2020–ին մաքսային ծառայողներն առգրավել են 6,1 կիլոգրամ մետամֆետամին, 5,2 կգ ափիոն, 3,1 կգ մարիխուանա, 2,9 կգ կետամին, 1,6 կգ հերոին, ԼՍԴ թմրանյութով 1 300 բլոտեր, շուրջ 600 հաբ MDMA (էքստազի), ինչպես նաև 83 էլեկտրոնային սիգարետ` հաշիշային յուղով։

«Թմրանյութերի մի քանի խոշոր խմբաքանակ նախատեսված էր Իրանից Հայաստանի միջոցով երրորդ երկրներ տեղափոխելու համար։ Այսպես, հունվարին ՊԵԿ–ը կանխել է դեպի Ավստրալիա ափիոնի արտահանման երկու փորձ։ Մեկ այլ դեպքում, 5,2 կգ մետամֆետամին ցանկանում էին ինքնաթիռով ուղարկել Ճապոնիա` թաքցնելով այն հարսի շորի ծալքերի մեջ (օգտվելով նրանից, որ այդ թմրանյութի բյուրեղները ևս սպիտակ են)»,–տեղեկացրեց պաշտոնյան։

Մեկ այլ դեպքում ձերբակալվել է իրանցի ամուսնական զույգ, որոնք պատրաստվում էին թմրանյութեր տեղափոխել Մալազիա։ Նրանք գործում էին համանման կերպով. կինը թաքցրել է թմրանյութերը լուծվող սուրճի, ամուսինը` թեյի տոպրակներում։

Իրավախախտումների բացահայտմանն օգնել է թե՛ մաքսային ծառայողների պրոֆեսիոնալիզմը, թե՛ նրանց համագործակցությունը իրանցի գործընկերների և ռուս սահմանապահների հետ։ «Օգնել են նաև անմարդկային ջանքերը. անցյալ տարի ՊԵԿ–ն ընդլայնել է ծառայողական շների գլխաքանակը և նոր վարժասարքեր ձեռք բերել իր շնագիտական կենտրոնի համար»,–տեղեկացրեց Վարդանյանը։

Ձեզ կհետաքրքրի...